Նորություններ

Ժողովրդական պաշտպանը ներկայացրել է Վրաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը

2021 թվականի մարտի 31-ին, Վրաստանի Ժողովրդական պաշտպանը խորհրդարանին է ներկայացրել 2021 թվականին Վրաստանում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին զեկույցը։ Համառոտ կներկայացնենք զեկույցի հիմնական դրույթները, թե ինչ ուշագրավ միտումներ են բացահայտվել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, որոնք պահանջում էին իշխանությունների համապատասխան և ժամանակին արձագանքը։

2021 թվականին մարդու իրավունքների վիճակն էականորեն չի բարելավվել, ավելին, նույնիսկ զգալի վատթարացում է եղել մի շարք ոլորտներում։

2021 թվականը նշանավորվեց իշխանությունների կողմից ընդունած որոշումներով, որոնք խաթարեցին երկրում մարդու իրավունքների պաշտպանության համար վերահսկող / պատասխանատու պետական ​​հաստատությունների անկախությունը: 2021 թվականին չեղարկվել է Պետական ​​տեսուչի ծառայությունը: Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, Տեսուչի ծառայության հետ կապված փոփոխությունների նպատակը անկախ մարմնի գործունեությանը միջամտելն ու նրա վրա ազդեցություն ունենալն էր. Բացի այդ, ընդունվել են նաև այլ օրենսդրական փոփոխություններ, որոնք կտրուկ վատթարացնում են Վրաստանում դատավորների անկախության աստիճանը, արդարադատության համակարգի և արդար դատաքննության իրավունքի վիճակը, ինչպես նաև տեղ են գտել Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչների համար գործունեության խոչընդոտման և Ժողովրդական պաշտպանի դեմ բանավոր հարձակումների կամ սպառնալիքների դեպքեր:

2021 թվականի դեկտեմբերի 30-ին, Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով վերացվել է Պետական ​​տեսուչի ծառայությունը։ Արագացված կարգով՝ 4 օրվա ընթացքում օրինագծի քննարկումն անհնարին դարձրեց հանրության ներգրավվածությունը քննարկման գործընթացին։ Ավելին, օրինագծի նախապատրաստմանը ներգրավված չեն եղել ոչ միայն շահագրգիռ կազմակերպությունները, այլ նույնիսկ Պետական ​​տեսուչը։ Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, նման փոփոխությունները պետք է իրականացվեին բաց և թափանցիկ գործընթացի շրջանակներում, բովանդակալից, լայն քննարկումներով, ներգրավելով քաղաքացիական հասարակությունը և հենց Պետական ​​տեսուչի ծառայությունը։ Այս օրենսդրական փոփոխությունները բացասաբար են գնահատել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։

2021 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով ընդունեց ևս մեկ օրենսդրական փոփոխություն, որը վտանգ է ստեղծել դատավորների անհատական ​​անկախությանը։ Անցյալ տարի իշխանությունը հրաժարվեց հիմնարար բարեփոխումներ իրականացնել դատական ​​համակարգում և շարունակեց և ավարտեց Գերագույն դատարանի լիարժեք կադրային համալրման գործընթացը՝ չնայած Ժողովրդական պաշտպանի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և այլ միջազգային գործընկերների կոչերին: Արդարադատության ոլորտում չկատարված պարտավորությունների պատճառով, 2021 թվականի սեպտեմբերին Եվրամիությունը Վրաստանին չի փոխանցել լրացուցիչ 75 միլիոն եվրո մակրոֆինանսական օգնություն:

Ինչ վերաբերում է Վրաստանի Սահմանադրական դատարանին, ապա 2021 թվականի ընթացքում դատարանը կայացրել է ընդամենը 10 որոշում։ Սահմանադրական դատարանում 70-ի է հասնում այն գործերի քանակը, որոնք գրանցվել են՝ 2015-2020 թվականներին, էական քննությունն ավարտվել է, թեև որոշումը դեռևս կայացված չէ։

Երբ խոսում ենք անկախ ինստիտուտների մասին, ցավոք, պետք է նշել, որ վերջին ժամանակներում Վրաստանի Սահմանադրական դատարանի կողմից ընդունած որոշումները հարցեր են առաջացնում դատական ​​իշխանության անկախության և անկողմնակալության վերաբերյալ։ Հատկապես պետք է նշել Պետական ​​տեսուչի ծառայության վերացման կապակցությամբ ընդունած արձանագրային գրառումը, որով դատարանն անհասկանալի ու չհիմնավորված փաստարկներով չի կասեցրել անկախ պետական ​​գերատեսչության վերացման գործընթացը։ Նշվածը հակասում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տեսակետներին, որոնց համաձայն՝ անհրաժեշտ էր կասեցնել ընդունած օրենքի գործողությունը։

Երկրում քրեական քաղաքականության հիմնական սահմանողներից մեկը Վրաստանի դատախազությունն է։ Հիմնական մարտահրավեր է մնում քաղաքականապես չեզոք դատախազության համակարգի ստեղծումը։ Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, դատախազության կողմից վարած մի շարք գործերի քննության գործընթացում բացահայտվել են էական թերություններ, որոնք չեն համապատասխանում արդյունավետ քննության չափանիշներին։ Օրինակ, այդպիսին է այսպես կոչված Քարտեզագետների գործը, որտեղ հետաքննության նախաձեռնումն ու անցկացումը ակնհայտ քաղաքական երանգ ունի, և գործում կան նաև իրավական լուրջ թերություններ։ Ժողովրդական պաշտպանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում գլխավոր դատախազության բարեփոխման անհրաժեշտությունը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ ընթացիկ, 2021 թվականի խորհրդարանական զեկույցում։

Մարդու իրավունքների պաշտպանության համար հատկապես կարևոր է, որ Ժողովրդական պաշտպանը՝ որպես անկախ մոնիտորինգ իրականացնող մարմին, հնարավորություն ունենա ազատորեն իրականացնել իր գործունեությունը։ Ցավոք, Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները, ինչպես 2020 թվականին, այնպես էլ 2021 թվականի սկզբին բազմաթիվ բանավոր հարձակումների առարկա դարձան տարբեր քրեակատարողական հիմնարկների տարածքում։ Մենք ծանոթացանք հարձակման օրը քրեակատարողական հիմնարկների տարածքում արխիվացված տեսանյութերին, որը հստակ ապացուցում է, որ կալանավորների փոքր խմբի անօրինական գործողությունները Ժողովրդական պաշտպանի ներկայացուցչի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի կազմակերպվել են բանտի ղեկավարության կողմից։ Նշված գործի կապակցությամբ հետաքննություն է ընթանում դատախազությունում, սակայն հանցագործության մեջ ներգրավված կոնկրետ անձանց մեղքը դեռ պարզված չէ։

Վերջին տարիներին երկրում արտահայտման ազատության տարածությունն էլ ավելի սահմանափակելու միտում է նկատվում։ Սպառնալիք և թշնամական միջավայրը, որում գործում են լրագրողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները և իրավապաշտպանները, անհանգստացնող է։ 2021 թվականին ավելացել են քննադատական ​​լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը, այդ թվում՝ նախընտրական շրջանում։ Քաղաքական պաշտոնյաների համար սովորական պրակտիկա է դարձել ցինիկ և արհամարհական վերաբերմունք ունենալ լրագրողների, հատկապես քննադատական ​​լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, թույլ չտալ քննադատող լրատվամիջոցների ներկայացուցիչներին այցելել պետական ​​գերատեսչությունների միջոցառումներին և անել նրանց վարկաբեկող հայտարարություններ:

Խոսքի ազատության պաշտպանությունն ուղղակիորեն կապված է հավաքների իրավունքի սահուն իրականացման հետ։ Ինչպես նախորդ տարիներին, իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառել հավաքների կառավարման և ցրման ժամանակ, իսկ հավաքների մասնակիցների վարչական կալանքի դեպքերը հիմնականում չեն բավարարել անհրաժեշտության պահանջը և ստացել են հավաքների ազատության անհիմն միջամտության ձև: Հատկանշական է, որ պետության կողմից նման միջամտությունն ու ուժի կիրառումը տեղի է ունեցել ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական ակտիվիստների և իրավապաշտպանների կողմից կազմակերպված հանրահավաքների ժամանակ, մինչդեռ ուլտրաաջակողմյան բռնի խմբերի կողմից կազմակերպված հանրահավաքների կառավարմանը պետության արձագանքը շատ ավելի մեղմ էր:

Հավաքի ժամանակ իրավունքին առանց փաստարկի միջամտության համար կրկին կիրառվում է Սահմանադրական կարգի հետ անհամատեղելի 1984 թվականին ընդունված Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը: Կա հիմնավոր կասկած, որ Քրեական դատավարության օրենսգրքի բազմիցս հայտարարված բարեփոխման ձախողման պատճառը, ցուցարարների նկատմամբ մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող մեխանիզմների կիրառումն է, ինչը իրավապահ մարմիններին, ինչպես նաև դատարանին, շրջանցելով մարդու իրավունքների համապատասխան չափանիշները, իրավունք է տալիս հավաքների մասնակիցների նկատմամբ ընդունել վիրավորական որոշումներ:

2021 թվականին տեղի ունեցավ հուլիսի 5-ը, երկրի նորագույն պատմության մեջ ամենատխուր օրերից մեկը, երբ մարդու իրավունքների և անվտանգության համար պատասխանատու պետությունը գործնականում չէր գործում։ Հուլիսի 5-ի իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանությունները ոչ միայն չկարողացան կանխել լրագրողների, ԼԳԲՏ+ համայնքի, նրանց ակտիվիստների և ընդհանրապես քաղաքացիների նկատմամբ բռնությունը, որն իրական վտանգ էր ներկայացնում նրանց առողջությանն ու կյանքին, այլև ավելին, բարձր պաշտոնյա անձանց կողմից խտրական հայտարարությունները խրախուսեցին նշված բռնությունը։ Հատկանշական է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 16-ի վճռում, որը վերաբերում էր 2013 թվականի մայիսի 17-ին, Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի և աջակիցների վրա հարձակումներին, դատարանը նշել է, որ 2013 թվականի մայիսի 17-ին իրականացրած բռնության մասշտաբների վրա ազդեցություն են ունեցել, իշխանությունների անգործությունը և ԼԳԲՏ + համայնքի վրա նախկինում իրականացրած հարձակումների փաստերի նկատմամբ պետության կողմից ժամանակին և օբյեկտիվ հետաքննության չիրականացումը:

Ցավոք, հուլիսի 5-ին տեղի ունեցած նմանատիպ լայնածավալ բռնի փաստերի հետ կապված, Վրաստանի դատախազությունը խմբովի բռնություն կազմակերպելու և խրախուսելու մեղադրանքով քրեական պատասխանատվության չի ենթարկել անձանցից ոչ մեկին, չնայած նրան, որ Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, հրապարակայնորեն տարածված ապացույցները, հասնում են առնվազն երկու անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելու չափանիշի: Սա էլ ավելի է սրում անպատժելիության միջավայրը և ակնհայտորեն էլ ավելի է հրահրում բռնությունը՝ ԼԳԲՏ+ համայնքի անդամների, ակտիվիստների և լրագրողների նկատմամբ, ինչը բխում է իշխանությունների վարած վերը նշված քաղաքականությունից։

Երկրում ժողովրդավարական տարածքի սահմանափակման ֆոնին, տագնապալի էր սեպտեմբերի 13-ին քաղաքացիական սեկտորի, լրագրողների, քաղաքական գործիչների, հոգևորականների և դիվանագետների նկատմամբ հսկողության և գաղտնալսման նյութերի արտահոսքը: Արտահոսած ֆայլերը պարունակում էին գաղտնիության վերաբերյալ աննախադեպ քանակությամբ տվյալներ, որոնք, հավանաբար, ձեռք են բերվել անօրինական գաղտնալսումների և հսկողության միջոցով: Բացի այդ, նյութերը հավանաբար պարունակում են անչափահասների նկատմամբ սեռական բռնության, հանցագործության մասին ենթադրյալ չհայտնելու և իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստեր։

Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, ապօրինի հսկողության-գաղտնալսման նպատակը վարկաբեկող տեղեկություններ հավաքելն ու տարածելն է։ Ենթադրյալ անօրինական և լայնածավալ հսկողություն-գաղտնալսումը ներկայացնում երկրում լիակատար վերահսկողության վտանգ: Այն կարող է էական բացասական ազդեցություն ունենալ երկրի ժողովրդավարական զարգացման գործընթացի յուրաքանչյուր փուլի վրա, որը, ցավոք, զուրկ է ինստիտուցիոնալ վերահսկողությունից և հսկողությունից:

Երկրում քաղաքական իրավունքների պաշտպանության մակարդակի վատթարացումն արտահայտվել է նաև ընտրական իրավունքի իրացման վրա։ Ցավոք, 2021 թվականի տեղական ինքնակառավարման ընտրությունները չանցկացվեցին ազատ և իրավահավասար միջավայրում։ Հատկանշական է հատկապես, որ նախընտրական շրջանում քաղաքական հողի վրա մարդկանց աշխատանքի ազատությանը միջամտելու ցավալի միտումը նկատելի էր, ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ​​հատվածում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ քաղաքացիական ծառայության բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը՝ ապաքաղաքականացումը, չի իրականացվել։ Ժողովրդական պաշտպանի գրասենյակին հասանելիք տեղեկատվության համաձայն՝ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական շրջանում, հավանաբար խտրական կերպով, քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատվել կամ հետապնդվել է 69 անձ։ Ժողովրդական պաշտպանի համար հայտնի է դարձել նաև 4 դեպքի մասին, երբ հանրային դպրոցների տնօրենների պաշտոնակատարներին ենթադրյալ քաղաքական պատճառներով չեն երկարացրել իրենց աշխատանքային պայմանագիրը։ Մտահոգիչ է, որ անձանց աշխատանքից հեռացնելու պատճառը որոշ դեպքերում եղել են նրանց կողմից սոցիալական ցանցերում ընդդիմադիր կուսակցությանն աջակցելու հրապարակումները կամ պարզապես իշխանության հասցեին քննադատական ​​մեկնաբանություններ հայտնելը։

Տարիների ընթացքում կարևորագույն մարտահրավեր է ներկայացնում Քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը: Ցավոք, Քրեակատարողական համակարգը կենտրոնացած է բանտարկյալներին տարբեր ձևերով լռեցնելու վրա։ Այս առումով հիմնական խնդիրը քրեակատարողական հիմնարկներում ոչ ֆորմալ կառավարումն է, որի նպատակն է լռեցնել բանտարկյալներին, արգելել նրանց խոսել խնդիրների մասին և պահպանել պատրանքային կարգը հաստատություններում։ Բռնության զոհ դարձած բանտարկյալները հաճախ, սպասվող հաշվեհարդարից խուսափելու նպատակով, հաստատության վարչակազմի և բուժանձնակազմի հետ չեն խոսում ստացած վնասվածքների իրական պատճառների մասին։ Հանցավոր ենթամշակույթի ազդեցությամբ բանտարկյալները նույնպես ձեռնպահ են մնում բողոքներ ուղարկելուց։ Դա հաստատում է նաև տարեցտարի կիսաբաց քրեակատարողական հիմնարկներից Ժողովրդական պաշտպանի գրասենյակ դիմում-բողոքների թվի կրճատման միտումը։ Լինում են դեպքեր, երբ բանտարկյալներին Քրեակատարողական հաստատությունների վարչակազմը, երկար ժամկետով տեղավորում է ապաէսկալացիայի սենյակներում և միայնակ (անվտանգ) խցերում, առանց օրենքով նախատեսված պատժի, պատժելու նպատակով: Սա, ըստ Ժողովրդական պաշտպանի, հավասարազոր է անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի։

Ցանկանում եմ խոսել բանտարկյալների համար մի կարևոր խնդրի՝ պայմանական վաղաժամկետ ազատման մասին: Պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով աշխատող տեղական խորհուրդները հաճախ տարբեր որոշումներ են կայացնում նույն տվյալների դեպքում: Որոշումների մոտիվացիոն մասը հիմնված է ձևանմուշների վրա և չի պարունակում պատշաճ հիմնավորում: Ոչ ոք չգիտի, թե ինչու է մեկ բանտարկյալ ազատ արձակվել, երբ նույն գործով մեկ այլ բանտարկյալի նկատմամբ բացասական որոշում է կայացվել։ Պայմանական վաղաժամկետ ազատման մի քանի տարվա դիտարկումը հստակ ցույց է տալիս, որ որոշումները հիմնված չեն տրամաբանության և օրենքի պահանջների վրա։

Ցանկանում եմ նաև կոչ անել Վրաստանի արդարադատության նախարարությանը և կառավարությանը, ժամանակին հրապարակել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովի 2021 թվականի այցի զեկույցը, որը պետք է արտացոլի հանձնաժողովի գնահատականներն ու առաջարկությունները Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Տարիներ շարունակ չլուծված խնդիր է մնում խոշոր չափսի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացը։ Նշվածը խնդրահարույց է ինչպես հոգեբուժական հաստատությունների, այնպես էլ մանկական և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված մեծ չափսի հիմնարկների դեպքում։ Մասնավորապես, մարտահրավեր է մնում հիվանդների երկարատև հոսպիտալացումը հոգեբուժական հաստատություններում։ Ակտիվ բուժում չպահանջող հիվանդները չեն կարողանում լքել հաստատությունը համայնքային ծառայությունների սակավության և գնալու տեղ չունենալու պատճառով:

Անցյալ տարի Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում երեխաների իրավունքների համակարգային խախտումները, անչափահասների նկատմամբ տարիներ շարունակ նվաստացնող, անմարդկային և կտտանքներին հավասարված վերաբերմունքը բացահայտեցին երեխաների նկատմամբ ենթադրյալ սեռական բնույթի հանցագործությունների նշաններ: Տարիների ընթացքում Ժողովրդական պաշտպանը նշում էր, որ Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում մշտադիտարկումը զգալիորեն խոչընդոտվել է՝ վտանգելով գիշերօթիկ հաստատություններում ապրող անչափահասների իրավական վիճակի պաշտպանությունը և մեծացնելով գիշերօթիկ հաստատություններում առանց այն էլ բարձր ինստիտուցիոնալ բռնության վտանգը, սակայն, ցավոք, պետությունը գիշերօթիկում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանության համար գործուն քայլեր չի ձեռնարկել: Ավելին, Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում երեխաների նկատմամբ ենթադրյալ հանցագործությունների հետաքննության ընթացքում էական և թերություններ են հայտնաբերվել։ Չնայած նրան, որ որոշ դեպքերում քրեական գործով հետաքննությունը սկսվել է 2016 թվականին, նախաքննությունը դեռ շարունակվում է, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Տարիներ շարունակ պահպանվում են գենդերային դրդապատճառներով սպանությունների (ֆեմիցիդների) հետ կապված մարտահրավերները. Դեռևս չի նկատվում ֆեմիցիդի և ֆեմիցիդի փորձերի նվազման միտում։ Ցավոք, նախորդ տարիների համեմատ ավելացել են կանանց ինքնասպանության և ինքնասպանության փորձի տանող դեպքերի քանակը։ 2021 թվականին արձանագրվել է կանանց սպանության 22 և կանանց սպանության փորձի 31 դեպք։

Երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը բացասաբար է անդրադառնում մարդու իրավունքների վիճակի վրա։ Աղքատությունը շարունակում է մնալ երկրի գլխավոր մարտահրավերներից մեկը: Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2020 թվականի դրությամբ Վրաստանում աղքատության բացարձակ շեմից ցածր գտնվող բնակչության մասնաբաժինը կազմում է 21,3% (մոտ 800 հազար մարդ)։ Այս տվյալները 2018-2019 թվականների համեմատ աճել են։ Մասնավորապես, 2019 թվականին բացարձակ աղքատության գծից ցածր բնակչության մասնաբաժինը կազմել է 20.1%, իսկ 2018 թվականին՝ 19.5%։ Վրաստանում 2021 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ավելացել է ապրուստի նպաստ ստացող երեխաների թիվը։ Մասնավորապես, 2021 թվականին կենսապահովման նպաստ ստացող երեխաների թիվը կազմել է 235 252, մինչդեռ 2020 թվականին այդ թիվը կազմել է 186 131։ Ցավոք, երկրում չկան բավարար հասցեական պետական ​​ծառայություններ՝ աղքատության մեջ ապրող երեխաների կարիքները բավարարելու համար:

Ծանր է հաշմանդամների, անօթևանների և տարեցների, հարկադիր վերաբնակների և հակամարտություններից տուժած բնակչության իրավական վիճակը։ Ցավոք, դեռևս չլուծված խնդիր է հաշմանդամության կարգի տրամադրման արդար համակարգին անցնելը, որը բացի բժշկական ցուցմունքներից, կենտրոնանալու է անձի հոգեբանական և սոցիալական գործոնների վրա։ Գործող մոդելով սահմանված սոցիալական փաթեթի չափը, բացի այն, որ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց անհատական ​​կարիքներին, գոնե նրանց բավարարվածություն չի ապահովում։ Սոցիալական վերականգնման և երեխաների խնամքի պետական ​​ծրագրով մատուցվող ծառայությունների աշխարհագրական ծածկույթը դեռևս խնդրահարույց է։ Ենթածրագրերը դեռևս հիմնված չեն վիճակագրական և հետազոտական ​​տվյալների վրա։ Բացասական պետք է գնահատել նաև 2021 թվականին բազմամասնագիտական ​​հիվանդանոցներում գործող ստացիոնար և ամբուլատոր հոգեբուժական բաժանմունքների փակումը։ Հաշվետու ժամանակահատվածում ողջունելի է Վրաստանի խորհրդարանի կողմից Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագրի կամընտիր արձանագրության վավերացումը։ Պետք է ողջունել նաև Վրաստանի կառավարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հռչակագրի իրականացման համար միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի ստեղծումը։

Ցավոք, ինչպես նախորդ տարիներին, չկա անօթևան անձի լիարժեք օրենսդրական սահմանում և համապատասխան բնակարանային իրավունքի իրացման համար անհրաժեշտ շրջանակային օրենսդրություն։ Երկրում դեռևս չկան անօթևան անձանց միասնական, իսկ մի շարք մունիցիպալիտետներում՝ տեղական տվյալների բազաներ։ Յուրաքանչյուր մունիցիպալիտետ ունի անօթևանության նկատմամբ տարբերվող չափանիշ և մոտեցում: Պետք է դրականորեն նշել Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից անօթևանների հաշվառման և բնակարանային ծառայությունների մատուցման կարգը, որը, ի տարբերություն այլ մունիցիպալիտետների, բացառություն է։

2021 թվականին, 2020 թվականի համեմատ, բարձր ռիսկային շինություններից շատ ավելի քիչ փախստական ընտանիքներ են տարհանվել: Մինչ օրս չեն մշակվել այսպես կոչված փլուզվող շենքերում բնակվող փախստականների տեղավորման հատուկ կանոններ, իսկ պետությունը ակտիվորեն չի ստուգում անմխիթար վիճակում գտնվող շենքերի կայունությունը:

Բռնազավթված տարածքներում, ցավոք, շարունակվում է քաղաքացիների ապօրինի ձերբակալությունների և դաժան վերաբերմունքի պրակտիկան։ Նաև շարունակվում է ապօրինի «սահմանադրման» գործընթացը։ 2019 թվականի սեպտեմբերի 4-ից Բռնազավթված Ախալգորիի ուղղությամբ դե ֆակտո իշխանությունն ամբողջությամբ փակել է, այսպես կոչված անցակետը. Արդյունքում այս տարածքում իրավիճակը դեռ լարված է, և մարդասիրական ճգնաժամ է։ Ամենակարևոր մարտահրավերը շարունակում է մնալ օկուպացված շրջաններում մայրենի լեզվով կրթության հասանելիության հարցը, ինչի պատճառով տարեցտարի երկու մարզերում էլ աշակերտների թիվը նվազում է։ Վրացերենով ուսումը շարունակելու համար ծնողները պետք է լքեն իրենց մշտական ​​բնակության վայրը և իրենց երեխաներին տեղափոխեն Վրաստանի կողմից վերահսկվող տարածքի դպրոցներ։

Դպրոցներում դավանափոխության/կրոնական ինդոկտրինացիայի դեպքերը և ազգային փոքրամասնությունների համար կրթության իրավունքի հասանելիության ակտիվ բացահայտումը մնում են մարտահրավեր:

Վրաստանում համավարակի տարածումից առ այսօր, մահացած հիվանդների ամենաբարձր օրական ցուցանիշը գրանցվել է 2021 թվականին։ Կովիդ 19-ի համավարակի կառավարման հետ կապված խնդիրները խնդրահարույց էին, որոնք իրական վտանգ են ներկայացրել պետության կողմից մարդու կյանքի և առողջության իրավունքների պաշտպանությանը։ Կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնակարգեր հաստատելու և վերացնելու մասին որոշումները հիմնականում հիմնված չէին գիտական ​​ապացույցների և միջազգային լավագույն փորձի վրա: Դրանց թվում բացասական պետք է գնահատել Վրաստանի բարձրագույն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք ակնհայտորեն վնաս են հասցրել և՛ պատվաստումների, և՛ համավարակի կառավարման գործընթացին։ Արդյունքում Վրաստանում պատվաստումների մակարդակը շատ ցածր է։ Կովիդ 19-ի դեմ պատվաստանյութի ազգային ծրագրի նպատակն էր մինչև 2021 թվականի վերջ պատվաստել 18 տարեկանից բարձր բնակչության 60%-ին։ Սակայն գործադիր իշխանությունների կողմից անարդյունավետ տեղեկատվական քարոզարշավի, հետաձգված ֆինանսական, խրախուսական կամ այլ միջոցառումների արդյունքում, 2022 թվականի հունվարի դրությամբ այս ցուցանիշը չի գերազանցել 47%-ը։ Այս համատեքստում հարկ է նշել, որ, օրինակ, քրեակատարողական համակարգում պատվաստումների մակարդակը բարձր է թե՛ բանտարկյալների, թե՛ անձնակազմի շրջանում։

Սույն զեկույցում հայտնաբերված իրավախախտումները վերացնելու նպատակով, Ժողովրդական պաշտպանի գրասենյակը պետական ​​գերատեսչություններին է ուղղել 67 հանձնարարական / առաջարկ։ 2021 թվականի ընթացքում պատրաստվել է 20 հատուկ զեկույց, 17 սահմանադրական հայց, 13 դատարանի ընկերոջ կարծիք և 4 հաղորդագրություն Եվրոպայի խորհրդի Նախարարների հանձնաժողովին։ Հաշվետու ժամանակահատվածում Ժողովրդական պաշտպանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ երեք գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու համար։ Իրավախախտումների ու մարտահրավերների նույնականացման և մոնիտորինգի նպատակով, Ժողովրդական պաշտպանի գրասենյակը մի շարք այցելություններ է կատարել տարբեր հաստատություններ, որոնք մանրամասնորեն ներկայացված են զեկույցում։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)