Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցի կապակցությամբ
2008 թվականի օգոստոսյան պատերազմից անցել է 14 տարի, սակայն դրա հետևանքները դեռևս սուր զգացվում են ինչպես օկուպացված տարածքում, այնպես էլ բաժանարար գծի մոտ ապրող բնակչության կողմից։ Լուրջ է նաև ներքին տեղահանվածների վիճակը, որոնց դեռ հնարավորություն չի տրվում վերադառնալ իրենց տները։ 1990-ականների և 2008-ի հակամարտությունների արդյունքում Վրաստանում գրանցված է 289 925 ներքին տեղահանված անձ։
Գնալով ծանրանում է այսպես կոչվածը սահմանն ապօրինի հատելու համար մարդկանց ձերբակալելու անօրինական պրակտիկան: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ օկուպացիոն ռեժիմը սահմանափակվում էր վարչական իրավախախտումների որոշմամբ և կալանավորների նկատմամբ համապատասխան տուգանքների կիրառմամբ, վերջին շրջանում հաճախակիացել են ապօրինի երկարաժամկետ ազատազրկման դեպքերը։ Դրա վառ օրինակն է 2022 թվականի հուլիսի 26-ին Վրաստանի քաղաքացի Քրիստինե Թակալանձեի անօրինական կալանավորման փաստը։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ Թակալանձեն մեղադրվում է «ի շահ վրացական հատուկ ծառայությունների լրտեսության» մեջ։ Հատկանշական է նաև Վաժա Գափրինդաշվիլիի, Գենադի Բեստաևի, Իրակլի Բեբուայի, Խվիչա Մղեբրիշվիլիի, Զազա Գախելաձեի, Վլադիմիր Կանիաշվիլիի, Կախաբեր Նաթաձեի, Մամուկա Չխիկվաձեի, Զազա Մեգրելիշվիլիի, Թամազ Գոգիչաշվիլիի և այլոց ձերբակալությունները։
Պաշտոնական տվյալներով՝ 2009 թվականից մինչև 2021 թվականը, օկուպացիոն ռեժիմը այսպես կոչված սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալել է 3285 մարդու: Դրանցից 1325-ը ձերբակալվել է Աբխազիայի, 1960-ը՝ Ցխինվալի ուղղությամբ։[1]
Քաղաքացիների անօրինական ձերբակալություններին զուգընթաց հաճախակի են լինում օկուպացված տարածքների բանտերում, թե ժամանակավոր պահման վայրերում բանտարկյալների ծեծի, բռնության, դաժան վերաբերմունքի և խոշտանգումների դեպքերը. Օրինակ՝ Գենադի Բեստաևի, Անրի Աթեյբայի և Խվիչա Մղեբրիշվիլիի գործերը։
Բռնազավթված տարածքներում մայրենի լեզվով կրթության մատչելիության առումով բարդ իրավիճակ է: Օկուպացված Գալիի դե ֆակտո կրթության նախարարության որոշմամբ ամբողջությամբ արգելվել է վրացերենով ուսուցումը, այդ թվում՝ 11-րդ դասարանում, իսկ մայրենի լեզուն վերածվել է օտար լեզվի և գրականության առարկայի։ Ինչ վերաբերում է օկուպացված Ախալգորիին, ապա 2021-2022 ուսումնական տարում աշակերտների բացակայության պատճառով փակվել է վրացական 1 դպրոց։ Վրացական 6 գործող դպրոցներից 5-ում վրացերեն է դասավանդվում միայն 9-11-րդ դասարաններում։ Օկուպացիոն ռեժիմի սահմանած արգելքների պատճառով երկու օկուպացված շրջաններում էլ տարեցտարի նվազում է աշակերտների թիվը։ Կրթության իրավունքի իրացման մարտահրավերների մասին Ժողովրդական պաշտպանը տարիներ շարունակ իր տարեկան հաշվետվություններում մանրամասնորեն խոսում է։
Օկուպացիոն ռեժիմի կողմից իրականացվող նմանատիպ անօրինական գործողությունները կոպտորեն խախտում են օկուպացված տարածքներում բնակվող բնակչության իրավունքներն ու ազատությունները։ Վրաստանի Ժողովրդական պաշտպանը կոչ է անում Վրաստանի իշխանություններին՝ միջազգային հանրության օգնությամբ և ներգրավվածությամբ, ուժեղացնել ճնշումը օկուպացված շրջաններում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացի Քրիստինե Թակալանձեի ժամանակին ազատ արձակման համար։
Վրաստանի չվերահսկվող տարածքներում մարդու իրավունքների խախտումների պատճառով, ըստ միջազգային չափանիշների, դե ֆակտո իշխանությունների հետ միասին պատասխանատվությունը կրում է նաև Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես արդյունավետ վերահսկողություն իրականացնող պետություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև հաստատում է այն փաստը, որ Ռուսաստանը շարունակում է արդյունավետ վերահսկողություն իրականացնել Ցխինվալի տարածաշրջանի և Աբխազիայի տարածքների նկատմամբ և, համապատասխանաբար, Ռուսաստանի պատասխանատվությունն այդ տարածքներում իրականացրած մարդու իրավունքների խախտումների համար, հաստատում է նաև մարդու իրավունքների Եվրոպական դատարանն, իր 2021 թվականի հունվարի 21-ի որոշմամբ՝ գործով - Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի II:
[1] Վրաստանի պետական անվտանգության 2022 թվականի փետրվարի 22-ի №SSG12200027713 նամակը: