Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները՝ կրոնական փոքրամասնությունների և դավանանքի ազատության հետ կապված խնդիրների վերաբերյալ
2020 թվականի սեպտեմբերի 24-ին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը և Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կրոնների խորհուրդը ներկայացրեցին 2020 թվականին մշակված առաջարկությունները՝ կապված կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների և դավանանքի ազատության հետ կապված խնդիրների: Միջոցառումը վարում էր Հանդուրժողականության կենտրոնի ղեկավար Բեկա Մինդիաշվիլին:
Առաջարկությունները հասցեագրված են պետական մարմիններին և լրատվամիջոցներին և ներառում են հետևյալ խնդիրները.
- Կրոնի ազատության օրենսդրական կարգավորում
- Կրոնի մասին օրենքի նախաձեռնություն
- Խտրական օրենսդրություն
- Կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման պրակտիկան
- Անհանդուրժողականությամբ պայմանավորված հանցագործություններ
- Վերականգնում
- Կրոնների հարցերով պետական գործակալության մանդատը
- Գույքային խնդիրներ
- Սահմանի հատում
- Կրթություն և լրատվամիջոցներ
Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան միջոցառմանը իր ողջույնի խոսքում հակիրճ անդրադարձավ Կրոնական փոքրամասնությունների խորհրդի գործունեությանը և նշեց, որ իր հիմնադրման օրվանից` 2005 թվականից, Խորհուրդը նշանակալի ներդրում է ունեցել երկրում կրոնի ազատության պաշտպանության և ամրապնդման գործում: «Կրոնական փոքրամասնությունների խորհրդի և Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ աշխատանքի արդյունքն այն է, որ այսօր բոլոր դավանանքի հոգևորականները կարող են առանց խտրականության քրեակատարողական հիմնարկներ մուտք գործել՝ բանտարկյալներին կրոնական ծառայություններ մատուցելու համար, շատ ավելի ազատական է դարձել կրոնական կազմակերպությունների գրանցման վերաբերյալ օրենսդրությունը, որոշակի առաջընթաց է գրանցվել ատելության հանցագործությունները որակավորելու և հետաքննելու հարցում, Ատելության խոսքի օգտագործումը դպրոցական դասագրքերում և ընդհանրապես կրթական համակարգում աստիճանաբար անցնում է վերահսկողության ներքո: Խորհրդի ջանքերով Սահմանադրությունը չի պարունակում կրոնի կամ համոզմունքների ազատության որևէ սահմանափակում:
Այսօր խորհուրդն իր գոյության ընթացքում արդեն երրորդ փաստաթուղթը ներկայացրեց, որը հստակ նկարագրում է երկրում կրոնի և դավանանքի ազատության տեսանկյունից իրավիճակը և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն», - ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
Նինո Լոմջարիան շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությանը և ՄԱԿ-ի ասոցիացիային այս տարիների ընթացքում Հանդուրժողականության կենտրոնին և Կրոնների խորհրդին ցուցաբերած աջակցության համար:
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության, իրավունքների և կառավարման գրասենյակի փոխտնօրեն Լորա Բերգերը խոսեց Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցության, ժողովրդավարական և հանդուրժողական միջավայրում արված առաջարկությունների իրականացման կարևորության մասին:
Փորձագետ Մակո Ղավտաձեն և Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցու հովիվ Բորիս Ճարայան խոսեցին օրենսդրական դաշտի, սեփականության իրավունքի և վերականգնման, ինչպես նաև կրոնական գրականության սահմանը հատելու խնդիրների մասին:
Փորձագետ Գեորգի Գոցիրիձեն և Ավետարանական եկեղեցու հովիվ Գուրամ Իմերլիշվիլին քննարկել են խտրականության դեմ օրենսդրությունը և ատելության հանցագործությունների քննությունը:
Խորհրդակցեցին ԶԼՄ-ների և կրթության փորձագետ Նինո Ցինցաձեն և Վրաստանի Ավետարանական բապտիստական եկեղեցու եպիսկոպոս Ռուսուդան Գոցիրիձեն:
Փորձագետ Թամթա Միքելաձեն և Վրաստանի Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Զաալ Տղեշելաշվիլին ներկայացրեցին դավանանքի ազատության վերաբերյալ պետական քաղաքականության ուսումնասիրության արդյունքները:
Միջոցառումը կազմակերպվել էր Հանդուրժողականության, քաղաքացիական իրազեկման և ինտեգրման աջակցության ծրագրի (PITA) աջակցությամբ, որն իրականացվում է Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի (UNAG) կողմից` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ: