Ժողովրդական պաշտպանի դիմումի արդյունքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն զեկույց է պատրաստել արդարադատության առանձին հարցերի վերաբերյալ
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի դիմումի հիման վրա 2023 թվականի հունիսի 16-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը զեկույց է պատրաստել Վրաստանի արդարադատության համակարգի հետ կապված կոնկրետ հարցերի վերաբերյալ։
Անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին Ժողովրդական պաշտպանը դիմել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և խնդրել նրան պատրաստել իրավական եզրակացություն արդարադատությանն առնչվող հարցերի վերաբերյալ, որոնք նա բարձրացրել է դատաիրավական բարեփոխումների վրա աշխատելու ընթացքում, թեև խորհրդարանում նախաձեռնված օրենքի նախագիծում դա չի արտացոլվել: Վրաստանի խորհրդարանը դատաիրավական բարեփոխումների վրա սկսել է աշխատել այն բանից հետո, երբ անցած տարվա հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը 12 հանձնարարականներ է ներկայացրել Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները մասնակցել են Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից ստեղծված դատաիրավական բարեփոխումների աշխատանքային խմբի աշխատանքներին։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունը, հիմնվելով ԵԱՀԿ տարածաշրջանի միջազգային և տարածաշրջանային հեղինակավոր առաջարկությունների, նախադեպային իրավունքի և փորձի վրա, վերանայում է հետևյալ խնդիրները.
- Կորպորատիզմի ռիսկերից խուսափելու համար արդարադատության խորհուրդներում որոշումների կայացման ընթացակարգը և հիմնարար հարցերի շուրջ դատավոր և ոչ դատավոր անդամների միջև կոնսենսուս ապահովելու մեխանիզմները.
- Գործերը դատավորներին բաշխելու և կոլեգիաների/պալատների անձնակազմի համալրման, արտաքին կամ ներքին ազդեցության կանխարգելման ընդհանուր կանոններ.
- Անկախություն ապահովելու համար դատարանների նախագահների ընտրության կարգը (ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր, ինչպես նաև դատական համակարգից).
- Վարչական և ղեկավար պաշտոններ ունեցող դատավորների կարգավիճակն ու արտոնությունները և դատական պրակտիկայի հետ կապի պահպանման կարևորությունը.
- Դատավորների հայտարարագրերի ստուգման համակարգ.
- Դատավորների նկատմամբ կարգապահական գործեր հարուցելու համար պատասխանատու մարմնի անկախության ապահովման երաշխիքներ.
- Արդարադատությանն առնչվող օրենքների պատրաստման և ընդունման գործընթացին վերաբերող չափորոշիչներ.
Այս պահին Վրաստանի խորհրդարանում ավարտվել են «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վրա աշխատանքները, իսկ հունիսի 13-ին այն հավանության է արժանացել երրորդ ընթերցմամբ։ Հուսով ենք, որ Ժողովրդական պաշտպանի դիմումի հիման վրա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատրաստած եզրակացությունը կարևոր դեր կխաղա դատական համակարգի հետ կապված ապագա բարեփոխումների նախապատրաստման գործում՝ հաշվի առնելով Վրաստանի համատեքստն ու կարիքները։