Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը սոցիալական ցանցերում բողոքի ակցիաներին մասնակցող անչափահասների նկատմամբ շարունակվող հետապնդումների վերաբերյալ
Վրաստանի Ժողովրդական պաշտպանը դատապարտում է սոցիալական ցանցերում բողոքի ակցիաներին մասնակցող անչափահասների լուսանկարների, հեռախոսահամարների տարածումը և նրանց հասցեին հնչող սպառնալիքները, ատելությամբ լցված ու վիրավորական կոչերը։ Ստեղծված քաղաքական իրավիճակի ֆոնին, այդ թվում՝ քաղաքական գործիչների կողմից, նկատվում են խարանիչ հայտարարություններ երեխաների հասցեին։ Նաև, խիստ անընդունելի է, որ թե՛ քաղաքացիական ակտիվիստների, թե՛ ընդդիմադիր և իշխող կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչների անչափահաս երեխաները դարձել են սպառնալից հաղորդագրությունների հասցեատերեր։
Սա հակասում է մարդու իրավունքների արժեքներին և երկրի ժողովրդավարական սկզբունքներին, շատ վտանգավոր է և երեխաների նկատմամբ բռնության բարձր ցուցանիշ է առաջացնում։
Պետության ուղղակի պարտավորությունն է անմիջապես արձագանքել յուրաքանչյուր դեպքի արդյունավետորեն և անել հնարավորը, ներառյալ կանխարգելիչ միջոցների կիրառումը, որպեսզի երաշխավորվի, որ յուրաքանչյուր անչափահասի անվտանգությունն ու բարեկեցությունը լիովին պաշտպանված լինեն:
Բացի այդ, անչափահասների անվտանգության և շահերի պաշտպանությունը պետք է լինի հասարակության կարևորագույն արժեքներից մեկը և յուրաքանչյուր անձի պարտավորությունը։
Վրաստանի Ժողովրդական պաշտպանն ընդգծում է, որ երեխաները օգտվում են Վրաստանի Սահմանադրությամբ, Երեխայի իրավունքների կոնվենցիայով և Երեխաների իրավունքների օրենսգրքով երաշխավորված արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատությունից։ Անչափահասներն իրավունք ունեն տեղեկացված լինելու, իրենց կարծիքն արտահայտելու երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և ներգրավվելու որոշումների կայացման գործընթացում։ Չափազանց անընդունելի է, որ նրանք դառնում են հարձակման թիրախ՝ օգտվելով այդ իրավունքից։
Երբ անչափահասները օգտվում են հավաքների ազատությունից, պետությունը պետք է գործի հատուկ խնամքով և ձեռնարկի համապատասխան, կանխարգելիչ և լրացուցիչ միջոցներ՝ պաշտպանելու նրանց անվտանգությունը։ Մինչև օրենքով նախատեսված միջոցառման իրականացումը, նախ պետք է գնահատել, թե դա ինչ ազդեցություն կունենա երեխաների կյանքի և առողջության վրա։
Ժողովրդական պաշտպանը կոչ է անում Վրաստանի Ներքին Գործերի նախարարությանը, Հատուկ քննչական ծառայությանը և Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը ուսումնասիրել անչափահասների իրավունքների խախտման յուրաքանչյուր փաստ և ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ դեպքերին արդյունավետ և երեխաների համար բարեհամբույր արձագանքելու համար։