Վրաստանի Ժողովրդական պաշտպանը հանդիպել է Սամցխե Ջավախեթիում գործող ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների և լրագրողների հետ
2023 թվականի օգոստոսի 24-ին Վրաստանի Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Սամցխե Ջավախեթիում գործող ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների և տեղական լրատվամիջոցների լրագրողների հետ՝ ծանոթանալու Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի մարտահրավերներին։
Հանդիպմանը քննարկվել են պետական լեզվով որակյալ կրթություն ստանալու խնդիրը և դրա հետևանքով երիտասարդների արտագաղթը, հակաարևմտյան քարոզչության ակտիվացումը, աշխատատեղերի բացակայությունը։
Ճանապարհային ենթակառուցվածքները և տրանսպորտի հասանելիությունը նույնպես ճանաչվել են որպես մարտահրավերներ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով՝ որոշ գյուղերում երեխաները չեն կարողանում դպրոց հաճախել հենց այս խնդրի պատճառով։ Բարդ է նաև սննդամթերքի և առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքների մատակարարումը։
Հանդիպմանը նշվել է, որ մարզում էական անհրաժեշտություն է հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային կենտրոնի առկայությունը և պետական ծառայությունների հասանելիության բարելավումը: Ընդգծվել են քաղաքացիություն ստանալու հետ կապված խնդիրները։
Տարածաշրջանում առկա մարտահրավերների վերաբերյալ Ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է նաև Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Միսոանիի հետ, որտեղ մանրամասն ծանոթացել է քաղաքապետարանի գործունեությանն ու նախատեսվող ծրագրերին։