Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար. Վրացի քաղաքական գործիչները պետք է լիովին հարգեն Ժողովրդական պաշտպանի անկախ մանդատը
2021 թվականի նոյեմբերի 23-ին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Դունյա Միյատովիչը հատուկ հայտարարություն է տարածել՝ կոչ անելով վրացի քաղաքական գործիչներին հարգել Ժողովրդական պաշտպանի ինստիտուտը և աջակցել նրա մանդատի իրականացմանը։
«Անընդունելի են Վրաստանի խորհրդարանի անդամների հրապարակային հարձակումները Վրաստանի Ժողովրդական պաշտպանի վրա, նրա և նրա աշխատակազմի կողմից Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կալանավորման և հացադուլի կապակցությամբ գործունեության պատճառով: Ես ողջունում եմ Ժողովրդական պաշտպանի և նրա աշխատակազմի ջանքերը՝ հնարավորինս բարձր չափանիշներով պաշտպանելու Վրաստանի իշխանությունների իրավասության ներքո գտնվող բոլոր անձանց իրավունքները։
Այս հարցն իմ օրակարգում էր երեկ՝ Ստրասբուրգում «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի խորհրդարանի եվրոպային ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպման ժամանակ։
Վենետիկի սկզբունքների համաձայն՝ անդամ երկրները պարտավոր են լիովին պաշտպանել իրենց օմբուդսմենի ինստիտուտները, ցանկացած սպառնալիքից կամ գործողությունից, որն ուղղված է կամ հանգեցնում է օմբուդսմենի ինստիտուտի արդյունավետ գործունեության խոչընդոտների ստեղծմանը: Ես կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին ստեղծել բարենպաստ մթնոլորտ Ժողովրդական պաշտպանի, նրա վարչակազմի և նրան առընթեր փորձագետների համար, որտեղ նրանք կկարողանան իրականացնել իրենց մանդատը անկախ, արդյունավետ և անվտանգ, մարդու իրավունքների գործուն, բազմակարծիք և անկախ ազգային ինստիտուտների զարգացման և ամրապնդման վերաբերյալ՝ Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի (2021) 1 առաջարկությամբ։
Առաջին հերթին Վրաստանի բոլոր քաղաքացիների, բայց նաև Վրաստանի միջազգային գործընկերների, այդ թվում Եվրոպայի խորհրդի համար, շատ կարևոր է, հնարավորություն ունենալ հենվել օմբուդսմենի ինստիտուտի փորձի վրա, ով կարող է լիովին, անկախ և հաջողությամբ իրականացնել իր աշխատանքը միջազգային չափանիշների, այդ թվում՝ Փարիզի և Վենետիկի սկզբունքներին համապատասխան։
Անհամբերությամբ սպասում եմ մարդու իրավունքների այս և այլ հարցերի քննարկմանը հաջորդ տարվա փետրվարին Վրաստան նախատեսվող այցի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ: