Տեղեկատվություն

Ժողովրդական պաշտպանն արձագանքում է Ճիաթուրայի հանքափորների բողոքին

Վրաստանի Ժողովրդական պաշտպանն արձագանքում է Ճիաթուրայի հանքափորների բողոքին, ովքեր պահանջում են արժանապատիվ աշխատանքային պայմաններ։ Ժողովրդական պաշտպանն անմիջականորեն հանդիպել է հանքափորներին և լսել նրանց խնդիրները, իսկ նրա ներկայացուցիչները ներկա են եղել նրանց կազմակերպած ակցիաներին ինչպես Ճիաթուրայում, այնպես էլ Թբիլիսիում։

Ճիաթուրայի հանքափորներն արդեն տասը օրից ավելի հացադուլ են անում՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Նաև ընկերության և աշխատակիցների միջև առկա անհամաձայնությունը սուր լարվածության է հասնում, և աշխատակիցները դիմում են բողոքի այլ ծայրահեղ ձևերի։ Ըստ տեղեկությունների՝ երեկ հանքափորներից մեկի առողջական վիճակի վատթարացման պատճառով անհրաժեշտ է եղել տեղափոխել կլինիկա։

Վրաստանի Ժողովրդական պաշտպանն ընդգծում է, որ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրի ապահովումը կարևոր է արժանապատիվ աշխատանքի, կայուն տնտեսական աճի և արդյունավետ զբաղվածության խթանման համար։

Ժողովրդական պաշտպանը միանշանակ գտնում է, որ միջնորդական գործընթացն ավելի ակտիվ պետք է ընթանա, ընկերությունը պետք է հնարավորինս հաշվի առնի աշխատակիցների արդարացի պահանջները և հնարավորինս սեղմ ժամկետներում նրանց առաջարկի ընդունելի պայմաններ՝ համաձայնության գալու համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)