Վրաստանի ժողովրդական պաշտպանի հայտարարությունը, քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատելու փաստի վերաբերյալ
Վրաստանի ժողովրդական պաշտպանը ակտիվորեն հետևում է նախընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքների խախտման փաստերին և մտահոգված է տասնյակ մարդկանց հնարավոր՝ խտրականորեն, քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատելու կապակցությամբ:
Այս պահին գրասենյակի տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն ՝ 62 աշխատակիցներ ենթարկվել են տարբեր տեսակի ճնշումների: Այս մարդկանցից շատերը ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչների հետ զրուցում հաստատեցին ճնշումների և աշխատանքից ազատման փաստերը և որպես պատճառ անվանեցին նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության անդամների հետ՝ բարեկամական, ընկերական կապը թե բարյացակամ տրամադրությունը: (Հարկ է նշել, որ նրանցից մի քանիսը, չնայած ճնշման փաստի հաստատմանը, ձեռնպահ են մնացել և համաձայնություն չեն տվել ժողովրդական պաշտպանի գրասենյակին, նրա գործը քննելու համար): Մարդկանց աշխատանքից ազատել են ՝ Ներքին գործերի նախարարությունից, քաղաքային ծառայություններից, տարբեր մունիցիպալիտետների կողմից ստեղծված կազմակերպություններից և այլ հանրային հաստատություններից:
Քաղաքացիները պնդում են, որ իրենց վերադասներն իրենց խնդրել են աշխատանքից ազատման դիմում գրել, ինչին ոմանք համաձայնել են, ոմանք ՝ ոչ, որից հետո այլ հիմքերով ազատվել են աշխատանքից: Նրանցից ոմանց նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Տվյալ դեպքում ի հայտ է գալիս քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության – քաղաքական հայացքների պատճառով հետապնդման նշաններ: 2021 թվականի օգոստոսի 31-ին ժողովրդական պաշտպանը 34 անձի հետ կապված գործերը փոխանցեց Վրաստանի գլխավոր դատախազություն և Վրաստանի ներքին գործերի նախարարություն՝ հետաքննության և արձագանքման համար: Քանի որ գրասենյակը ստանում է ամենօրյա դիմումներ և ահազանգեր նման միջադեպերի մասին, ժողովրդական պաշտպանի գրասենյակը պարբերաբար լրացուցիչ տեղեկություններ է տրամադրում նման միջադեպերի մասին իրավապահ մարմիններին և վերահսկում դրանց արձագանքը, ինչպես նաև ուսումնասիրում է հնարավոր խտրականության և աշխատանքային իրավունքների առանձին դեպքեր:
Ժողովրդական պաշտպանն ընդգծում է, որ անթույլատրելի է մարդկանց հետապնդելը քաղաքական հայացքների և կարծիքների համար, այդ թվում `աշխատանքից ազատելը:
Ելնելով վերոգրյալից ՝ ժողովրդական պաշտպանը կոչ է անում.
- Կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային հաստատությունների ղեկավար անձանց`քաղաքական հայացքների պատճառով, չազատել կամ հրահանգներ չտրամադրել աշխատակիցներին աշխատանքից ազատելու վերաբերյալ:
- Վրաստանի դատախազությանը և ներքին գործերի նախարարությանը`ժամանակին քննել ժողովրդական պաշտպանի կողմից տրված նամակում նշված անձանց հնարավոր հետապնդման հարցը և համապատասխան արձագանքել: