Նորություններ

Ժողովրդական պաշտպանը դիմել է խորհրդարանին, որպեսզի բանտարկյալ մեղադրյալների համար չսահմանափակվի փաստաբանին զանգահարելու իրավունքը

Ժողովրդական պաշտպանը առաջարկությամբ դիմել է Վրաստանի խորհրդարանին, փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որպեսզի բանտարկության մեջ գտնվող մեղադրյալները, նույնիսկ հեռախոսային խոսակցությունների սահմանափակման ժամանակահատվածում, կարողանան զանգահարել իրենց փաստաբաններին։ Փոփոխությունն անհրաժեշտ է ամբաստանյալների արդյունավետ պաշտպանության իրավունքն ապահովելու համար։

Քրեակատարողական հիմնարկներում գտնվող մեղադրյալների դիմումի հիման վրա, Ժողովրդական պաշտպանի գրասենյակը պարզել է, որ թերի օրենսդրական կարգավորման պատճառով, քրեակատարողական հիմնարկները մեղադրյալներին թույլ չեն տալիս հեռախոսով շփվել փաստաբանների հետ, եթե մեղադրյալի նկատմամբ քննիչի / դատախազի որոշմամբ կիրառված է հեռախոսով զրուցելու իրավունքի սահմանափակում:

Նշենք, որ քննիչի / դատախազի որոշմամբ մեղադրյալի համար հեռախոսազանգերի իրավունքի սահմանափակումը կարող է շարունակվել անձի մեղադրյալ լինելու ողջ ժամկետով՝ մինչև 9 ամիս։ Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկից ստացված տեղեկատվությունը հաստատում է, որ ամբաստանյալներն այս ընթացքում չէին կարող զանգահարել փաստաբաններին, եթե նրանց նկատմամբ կիրառվել է հեռախոսազանգերի իրավունքի սահմանափակումը: Դրա պատճառն այն է, որ փաստաբանը ընդգրկված չէ բանտարկության մասին օրենսգրքի բացառիկ աբոնենտների ցանկում։

Ըստ քրեակատարողական հիմնարկների տրամադրած տեղեկատվության՝ 2020-2021 թվականների ընթացքում քննիչի/դատախազի որոշմամբ, հեռախոսային խոսակցության իրավունքի սահմանափակում է կիրառվել 908 մեղադրյալի նկատմամբ, ինչը վկայում է այս խնդրի կարևորության մասին։

Հեռախոսային խոսակցության իրավունքը ամբաստանյալի համար փաստաբանի հետ կապ հաստատելու, պաշտպանության ռազմավարությունը համաձայնեցնելու կամ կոնկրետ գործողությունների քայլեր ձեռնարկելու ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցն է: Ավելին, դատավարական օրենսդրությունը խստորեն սահմանում է կողմերի ապացույցներ ներկայացնելու ժամկետները մինչև գործի ըստ էության քննելը, և այդ ժամկետի խախտմամբ ներկայացված ապացույցները սովորաբար այլևս չեն քննարկվում դատարանի կողմից։ Հարկ է նշել, որ հասցեատիրոջը առաքման ժամկետի և առկա թերությունների նախատեսմամբ, փոստային առաքումները չեն կարող համարժեք այլընտրանք լինել հեռախոսային կապին:

Ողջունելի է, որ գլխավոր դատախազությունը կիսում է Ժողովրդական պաշտպանի դիրքորոշումը, և նրանց կարծիքով՝ մեղադրյալի հեռախոսազանգերի սահմանափակումը չի ենթադրում փաստաբանի հետ շփման արգելք։

Ժողովրդական պաշտպանը հուսով է, որ Վրաստանի խորհրդարանը կհամաձայնի առաջարկին, և ամեն տարի բանտարկության մեջ գտնվող հարյուրավոր բանտարկյալների կթույլատրվի հեռախոսով կապ հաստատել իրենց իրավունքները պաշտպանող փաստաբանների հետ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)