Նորություններ

Վրաստանի ժողովրդական պաշտպանի խորհրդարանական զեկույցը - 2020

2021 թվականի մարտի 31-ին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը, Վրաստանի խորհրդարանին ներկայացրեց մարդու իրավունքների և ազատությունների մասին տարեկան զեկույցը: 486 էջանոց զեկույցը վերանայում է 2020 թվականին սահմանադրությամբ երաշխավորված, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից երկրում գոյություն ունեցող մարտահրավերներն ու առաջընթացը, ինչպես նաև մեր կողմից տրված հանձնարարականների և առաջարկությունների կատարման վիճակը:

Խորհրդարանական զեկույցի առաջին գլխում քննարկվում են կյանքի իրավունքի պաշտպանության առումով, պետության առջև գոյություն ունեցող մարտահրավերները: 2020 թվականին ժողովրդական պաշտպանի գրասենյակը, ուսումնասիրել է 2015-2017 թվականներին բանտարկյալների մահվան 17 դեպք: Գործի նյութերը ուսումնասիրելուց հետո հաստատվում է, որ հետմահու իրականացրած փորձաքննության համաձայն, բանտարկյալներն կենդանի լինելու օրօք ունեցել են առողջության զգալի խնդիրներ, որոնք չեն բուժվել քրեակատարողական հիմնարկներում: Դժբախտաբար, հետաքննությունը հետաքրքրված էր միայն մահվան վերջնական պատճառներով և չի ուսումնասիրել, արդյոք ստացել են, թե ոչ բանտարկյալները կենդանի լինելու ժամանակ համապատասխան բժշկական օգնություն:

Ճիշտ այնպես, ինչպես նախորդ տարի, 2021 թվականին պետական ​​առողջապահական ծրագիրը չի ապահովում հոգեբուժական հիվանդանոցներում գտնվող մարդկանց ֆիզիկական առողջության խնդիրների հետազոտություն և բուժում: Արդյունքում, ոչ պատշաճ բուժումը և համապատասխան ռիսկի գործոնների անտեսումը հանգեցնում են հիվանդի մահվան:

Հաշվետու ժամանակահատվածում ուշագրավ են Գիորգի Շաքարաշվիլիի մահվան գործով հետաքննության թերությունները: Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, հետաքննության նախնական փուլում իրականացված քննչական գործողությունները թերի էին: Հետաքննության արդյունքում որոշ թերություններ հետագայում վերացվեցին, սակայն բացահայտվեցին ոստիկանության կողմից, գործին ներգրավված անձանց իրավունքների հնարավոր խախտման փաստեր: Ուշագրավ է նաև Թեմիրլան Մաչալիկաշվիլիի գործը, որտեղ հետաքննության կողմից անպատասխան մնացին մի շարք հարցեր: Ինչ վերաբերում է Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործին, ապա այս գործի շրջանակներում ընթացող ծառայողական ստուգումը դեռ չի ավարտվել:

2020 թվականին ժողովրդական պաշտպանի գրասենյակում գրանցվել է 154 դիմում, որտեղ քաղաքացիները խոսում են վատ վերաբերմունքի մասին: Դիմումների համաձայն, վատ վերաբերմունքի ենթադրյալ իրականացնողները 77 դեպքերում քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ են, 60 դեպքերում ոստիկանության աշխատակիցները: Դիմումները վերաբերում էին նաև քրեակատարողական հիմնարկներում առկա պայմաններին և հետաքննության ձգձգմանը:

Հատուկ մեթոդաբանության հիման վրա կատարված դիտարկումը պարզել է, որ 2020 թվականին շարունակվել է վարչական կարգով ձերբակալման ժամանակ ոստիկանության կողմից վերաբերմունքի վատթարացման միտումը: Մեր ուսումնասիրած գործերի (463 կասկածելի դեպք) 34.3%-ում ձերբակալման ընթացքում կամ դրանից հետո արձանագրվել են մարմնական վնասվածքներ: 2018 թվականին այս ցուցանիշը 26,8% էր, իսկ 2019-ին`31,8%:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակի վարույթում գտնվող գործերում մի շարք ձերբակալվածներ հայտնում են, որ ոստիկանության ծառայողները ոստիկանության մեքենայում (կայանված կամ տեղաշարժվելիս) վատ վերաբերմունքի են ենթարկվել, այդ թվում ենթարկել են ծեծի: Պետական ​​տեսուչի զեկույցում փոխադրամիջոցը նշված է նաև որպես ենթադրյալ վատ վերաբերմունքի վայր:

Ինչպես նախորդ տարիներին, քրեակատարողական համակարգի հիմնական խնդիրը ոչ ֆորմալ կառավարումն է, որը հաստատություններում ստեղծում է բռնի միջավայր և ազդում մեծ թվով բանտարկյալների վրա: 2020 թվականին ժողովրդական պաշտպանի գրասենյակը ուսումնասիրել է այն գործերը (կապված 2013-2020 թվականների իրադարձությունների հետ), երբ ձերբակալվածները մանրամասն տեղեկություններ են հաղորդել հետաքննող մարմիններին ոչ ֆորմալ քրեական կառավարման սխեմայի, ներգրավված անձանց, նրանց կողմից կատարված ենթադրյալ հանցավոր արարքների մասին (սպառնալիքներ, ծեծ, շորթում, տնտեսական հանցանք, պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահում և այլն): Չնայած նրան, թե՛ բանտարկյալները, և թե՛ հարցաքննված վկաները, ներառյալ վարչակազմի աշխատակիցները, հաստատում էին նման սխեմայի առկայությունը, Վրաստանի դատախազությունը և քրեակատարողական ծառայության ներքին մոնիտորինգի մարմինները արդյունավետորեն չէին արձագանքում այդ դեպքերին, քրեական հետապնդում իրականացնելով այդ անձանց նկատմամբ, և բազմաթիվ դատավարական և հետաքննչական գործողություններ մնում էին չբացահայտված:

Ժողովրդական պաշտպանը ոչ պատշաճ վերաբերմունք է գնահատում բանտարկյալների (այդ թվում անչափահաս ամբաստանյալների) ապաէսկալացման և մենախցերում երկար ժամանակ հաճախ տեղավորելը, առանց հիմնավորման:

2020 թվականի մոնիտորինգը կրկին ցույց տվեց, որ քրեակատարողական հիմնարկներում խնդրահարույց է ժամանակին և որակյալ սոմատիկ (ֆիզիկական) առողջապահական ծառայությունների մատուցումը: Շարունակվում է նաև բանտարկյալների լիարժեք ստուգման պրակտիկան, որի ընթացքում բանտարկյալի մարմնի բոլոր մասերը մերկացվում են միաժամանակ և ոչ թե մասամբ:

Հոգեբուժական հաստատություններում բռնության դեպքեր են արձանագրվել նաև 2020 թվականին, ինչպես հաստատությունների աշխատակիցների կողմից հիվանդների նկատմամբ ֆիզիկական և բանավոր բռնության դեպքեր, այնպես էլ բախումներ և բռնություններ հենց հիվանդների միջև: Կրկին խնդրահարույց է հիվանդների վրա ֆիզիկական և քիմիական սահմանափակումներ կիրառելու հաճախակի և արատավոր պրակտիկան: Ոչ պատշաճ վերաբերմունքին հավասարվում են այն բնակելի պայմանները, որոնցում պացիենտները ստիպված ապրում են և ստանում բժշկական օգնություն:

Կրկին համակարգային հիմնախնդիր է ներկայացնում, իրավապահների կողմից ենթադրյալ հանցագործությունների ոչ արդյունավետ հետաքննությունը դատախազության կողմից: Այս կապակցությամբ նշենք, որ 2013-2019 թվականներին ժողովրդական պաշտպանի կողմից դատախազություն ուղարկված 107 առաջարկների հիման վրա սկսված հետաքննության շրջանակներում, մեղադրանք է առաջադրվել միայն 3 ոստիկանության աշխատողի, և միայն 1 անձ է ճանաչվել է որպես տուժող: 2019 թվականի հունիսի 20-ի հետաքննության հետ կապված իրավիճակն անփոփոխ է, ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, հետաքննությունը կենտրոնացած է միայն իրավապահ մարմինների առանձին ներկայացուցիչների հանցավոր գործությունների բացահայտման վրա և չի տալիս իրադարձությունների և պատասխանատվության ամբողջական համակարգված վերլուծություն և չի սահմանում ղեկավար անձանց պատասխանատվության շրջանակը:

Անչափահաս Լուկա Սիրաձեի գործով, չնայած այն բանին, որ պատասխանատվության է ենթարկվել ոստիկանության մեկ աշխատակից, ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, գործում կան մի քանի կարևոր հանգամանքներ, որոնք կարող են վկայել այլ անձանց մեղավորության մասին: Գործի նյութերը նախ ցույց են տալիս, որ ոստիկանության աշխատակիցներից մեկը փորձել է ազդել վկաների վրա, որպեսզի նրանք կարողանան օգտակար ցուցմունք տալ այս ոստիկանի համար: Բացի այդ, գլխավոր վկաներից մեկը նույնպես փոխեց իր ցուցմունքը, մինչդեռ նախնական ցուցմունքի ընթացքում օրակարգում էր նաև ոստիկանության մյուս աշխատակիցների պատասխանատվության հարցը: Ժողովրդական պաշտպանը դիմել է գլխավոր դատախազություն, այս հանգամանքները ուսումնասիրելու և հետաքննություն սկսելու համար, սակայն գերատեսչությունը չի նախատեսել այդ առաջարկը:

Հատկապես մտահոգիչ էր 2020 թվականին, Թեմուր Աբազովի գործը, որը մեղադրվում էր մարդուն անմարդկային, նվաստացուցիչ և ստորացուցիչ իրավիճակում դնելու և այս գործողության կադրերի հանրային տարածումը կազմակերպելու մեջ: Դատավարության վերջին փուլում ներկայացված երկու լուրջ մեղադրանքներից մեկը (կադրերի տարածման կազմակերպում) մեղադրող կողմը անհիմն կերպով վերացրեց, այդպիսով դատարանին զրկելով հանցագործություններից մեկը քննարկելու հնարավորությունից և փաստորեն նպաստեց արդարացուցիչ վճռի կայացմանը:

Ազատության և անվտանգության իրավունքի գլխում, քննարկված է պայմանական վաղաժամկետ ազատման պրակտիկան: Չնայած նրան, որ համավարակի պատճառով, բոլոր միջազգային մեխանիզմները կոչ էին անում պետություններին ավելի շատ բանտարկյալներ ազատ արձակել, 2020 թվականի ընթացքում պայմանական վաղաժամկետ ազատման ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է: Մասնավորապես, 2019 թվականին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 1 279 դատապարտյալ, իսկ 2020 թվականին ընդամենը 830: Սակայն, 2020 թվականին, 2019-ի համեմատ, աճել է պատժի չկրած մասի ավելի թեթև տեսակի պատիժով փոխարինելու վիճակագրությունը:

Արդար դատարանի իրավունքի վերաբերյալ գլուխը հատուկ ուշադրություն է դարձնում դատավորների նշանակմանը, գործերի էլեկտրոնային բաշխման ծրագրին և դատավորների կարգապահական պատասխանատվությանը վերաբերող հարցերին: Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, դատական համակարգում առկա ինստիտուցիոնալ մարտահրավերների, գերագույն դատարանի դատավորների ընտրության գործընթացում ծայրահեղ անկանոնությունների և թափանցիկության բացակայության նախատեսմամբ, ստեղծված իրավիճակը ճանապարհ է բացում դատական ​​համակարգում առավել արմատական ​​միջամտության հետագա քննարկումների համար:

Համավարակով նոր կարգավորումները ազդել են դատական ​​համակարգի և դրա շահառուների իրավական կարգավիճակի վրա: Արագ և արդյունավետ արդարադատության ապահովումը դեռ խնդրահարույց էր:

Արդար դատարանի իրավունքի համատեքստում վերանայել ենք այն գործերը, որտեղ արդարադատության գործընթացը շարունակվում էր / շարունակվում է էական թերություններով, ներառյալ նախկին գլխավոր աուդիտոր Լաշա Թորդիային ծեծի ենթարկելու փաստով իրականացրած հետաքննությունը, որը ձգձգվել է անսովոր երկար ժամանակով և ընթացել անհամապատասխան որակավորմամբ, ինչը խոչընդոտեց արդարադատության իրականացմանը և վերջում ավարտվեց գործով անցնող ամբաստանյալի նկատմամբ արդարացուցիչ վճռով. Զեկույցում գնահատվում է Գիորգի Ռուրուայի պաշտպանության իրավունքի խախտման և Նիկանոր Մելիայի պատգամավորական լիազորությունների դադարեցման փաստերը: Բացի այդ, ներկայացված է նաև այսպես կոչված «քարտեզագետների գործում» նույնականացված թերությունները - օրինականության սկզբունքի խախտման հիմնախնդիրը և արդարադատության քաղաքական կամ այլ նպատակներով օգտագործմանը:

Հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել են անձնական կյանքի իրավունքի խախտման տարբեր դեպքեր: Դրանց թվում էին Վրաստանի խորհրդարանի անդամ, Սալոմե Սամադաշվիլիի ենթադրյալ ապօրինի գաղտնալսման, ինչպես նաև «TV պիրվելի»-ի լրագրողի և «Միասնական ազգային շարժման» անդամներից մեկի ենթադրյալ գաղտնալսման դեպքերը: Չնայած ժողովրդական պաշտպանի պահանջին, գաղտնի խոսակցությունների և գրառումների հանրայնացման դեպքերի վերաբերյալ չի ընթանում արդյունավետ հետաքննություն, ինչը, ի վերջո, պետք է հանգեցնի մեղավորի նույնականացմանը և պատասխանատվությանը ենթարկելուն:

Արտաքին աշխարհի հետ արդյունավետ հաղորդակցությունը հատկապես կարևոր է փակ հաստատություններում գտնվող անձանց համար: Անձնական կյանքի տեսանկյունից, ժողովրդական պաշտպանը անբավարար է համարում համավարակի ընթացքում բանտարկյալների օգտին սահմանված փոխհատուցման միջոցները: Օտարերկրացի բանտարկյալները փաստորեն չեն կարողանում արդյունավետորեն հաղորդակցվել ընտանիքի անդամների հետ: Ընտանիքի անդամների հետ շփումը խնդրահարույց է նաև հոգեբուժական հաստատություններում գտնվող հիվանդների համար, որոնց համար սահմանափակ է հեռախոսից օգտվելու հնարավորությունը:

Հավասարության իրավունքի պաշտպանության ուղղությամբ, ժողովրդական պաշտպանը դրական է գնահատում 2020 թվականի ընթացքում իրականացրած էական օրենսդրական փոփոխությունները: Համավարակաբանական իրավիճակը բացասաբար է ազդել հավասարության իրավունքի արդյունավետ իրացման վրա: Խոչընդոտների մեծ մասի առջև կանգնած էին կանայք, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները, ԼԳԲՏ + համայնքի անդամները և հաշմանդամություն ունեցող անձինք: 2020 թվականին ժողովրդական պաշտպանը վերանայել է ենթադրյալ խտրականության 113 նոր դեպք, որից 18%-ը վերաբերում է սեռին / գենդերին, իսկ 9%-ը սահմանափակ կարողությունների նշաններով խտրականությանը: 12% և 9% է կազմել տարբեր կարծիքների և քաղաքական հայացքների պատճառով անհավասար վերաբերմունքի կապակցությամբ ուղղորդումների ցուցանիշը:

Աշխատանքային հարաբերությունները այս հաշվետու ժամանակահատվածում խտրականության առավել խոցելի ոլորտներից մեկն էին: Բացահայտվել են նաև խտրականության փաստեր լրագրողների նկատմամբ: Մարտահրավեր է մնում սեռական ոտնձգությունը, որոնք հիմնականում բացահայտվել են աշխատանքի վայրում և բժշկական ծառայություններ ստանալու վայրում:

Գենդերային հավասարության առումով ողջունելի է, որ 2020 թվականին ներդրվեց խորհրդարանական գենդերային քվոտավորման մեխանիզմ: Կրկին տարբերվում է միջսեռական եկամտի միջին ցուցանիշը: Վրաստանում կանայք 3 անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում ընտանիքի չվարձատրվող աշխատանքի վրա, քան տղամարդիկ: Համավարակի պայմաններում կանանց համար ավելի ծանրացավ չվարձատրվող տնային աշխատանքի բեռը: Բազմաթիվ խնդիրներ են մնում կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների արդյունավետ իրականացման տեսանկյունից:

Հաշվետու ժամանակահատվածում հիմնական մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ գենդերային դրդապատճառներով կանանց սպանությունը (ֆեմիցիդը): Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի ֆեմիցիդի դեպքերի քանակը ոչ թե նվազում է, այլև աճում: Սակայն, 2019 թվականի համեմատ, 2020 թվականին բռնության մասին ծանուցումների քանակը չի ավելացել, և կարելի է ասել, որ նվազել է: Սա ցույց է տալիս, որ համավարակային պայմաններում կանայք առերեսվել են բռնարարներին, ինչը մեծացնում է բռնության ռիսկերը, սակայն նվազել է դեպքերի բացահայտման հնարավորությունը: Վրաստանի գլխավոր դատախազության տվյալներով, 2020 թվականին բացահայտվել է կնոջ 24 սպանություն, որից 15 դեպքում արձանագրվել է ընտանեկան հանցագործության նշաններ, իսկ կանանց սպանության փորձի 27 դեպքում ընտանեկան բռնության նշաններ բացահայտվել են 17 դեպքում: Դեռ կան դեպքեր, երբ չնայած տուժողի կողմից բռնության հայտարարմանը, ֆեմիցիդից հնարավոր չի եղել խուսափել:

Հաշվետու տարվա ընթացքում, խորհրդարանը չի աջակցել Վրաստանի քրեական օրենսգրքում «բռնաբարության» թերի նորմայում (հոդված 137) փոփոխություններին, որը պետք է բացասական գնահատվի: Թրեֆիքինգի դեմ պայքարի տեսանկյունից, դեպքերի բացահայտման ցուցանիշը և ծառայություններից օգտվող անձանց թիվը ցածր է:

Կարևորագույն մարտահրավեր է վաղ ամուսնության և նշանադրության, ինչպես խուսափելու, այնպես էլ կոնկրետ դեպքերի արդյունավետ կառավարումը: Համավարակի ֆոնին հեռավար ուսուցման ռեժիմն էլ ավելի է բարդացրել նման դեպքերի բացահայտումը և դրանց ժամանակին ուսումնասիրությունը սոցիալական աշխատողների կողմից: Թերի է՝ ներքին գործերի նախարարության, ուսումնական հաստատության և սոցիալական ծառայության միջև համակարգման և ուղղորդման մեխանիզմը:

Կարևոր քայլեր չեն ձեռնարկվել ԼԳԲՏ+ համայնքի անձանց իրավական իրավիճակի բարելավման համար:

Արտահայտման ազատության առումով լրատվամիջոցների միջավայրը բազմակարծիք է, չնայած բավականին բևեռացված: Լրագրողների այլ կարծիքի և ղեկավարության նկատմամբ բացահայտ քննադատության պատճառով, ժողովրդական պաշտպանը Աջարիայի հեռուստաընկերության կողմից կայացրած որոշումները գնահատել է որպես լրագրողների աշխատանքային իրավունքների խախտում և (կամ) ուղղակի խտրականություն:

Մարտահրավեր է մնում մասնագիտական ​​գործունեությանը խոչընդոտելու, լրագրողների նկատմամբ նրանց գործունեության պատճառով իրականացրած այլ հանցավոր գործողությունների վերաբերյալ լիարժեք վիճակագրության գոյության բացակայությունը, հավաքների վայրում իրադարձությունները լուսաբանելու համար գտնվող լրատվամիջոցների ներկայացուցիչների անվտանգության հարցը:

Վերջին տարիներին նկատվել է ազգային մակարդակում արտահայտման սահմանափակմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների ցավալի միտում, որը փոխարինվել է հաշվետու ժամանակահատվածում հեռարձակողի կողմից հեռարձակվող հաղորդումների բովանդակության վերահսկողությամբ: Դրա օրինակը կարգավորող հանձնաժողովի կողմից «Մթավարի արխի»-ի նկատմամբ կարգավորիչ հանձնաժողովի կողմից ընդունած որոշումն է: Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի կողմից «Մթավարի արխի»-ն իրավախախտ հայտարարելը օրենսդրական ոչ պատշաճ պարզաբանման արդյունք է, ինչը բացասաբար է ազդում հեռարձակողների կողմից խոսքի ազատության իրացման վրա:

Անցյալ տարի տարբեր մասշտաբի մի շարք քաղաքական կամ այլ բովանդակության հանրահավաքների մի մասի ընթացքը կրկին ցույց տվեց, որ հավաքների ազատության լիարժեք իրացման ապահովման համար, պետությունը ոչ պատշաճ կերպով է կատարում իր պարտավորությունները: 2020 թվականի նոյեմբերի 8-ին, հանրահավաքի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառվեց, երբ իրավապահները ջրցան մեքենաներ կիրառեցին Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ցույցը ցրելու համար, որտեղ ցուցարարները բողոքում էին խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ: Բացի այդ, օրենքի պահանջներին դեմ, մինչ ուժ կիրառելը հավաքի մասնակիցներին նախազգուշացում չի տրվել: Ինչպես նախորդ տարիներին, իրավապահները ակտիվորեն դիմում էին հավաքի մասնակիցների վարչական կալանքի ՝ մանր խուլիգանության և իրավապահ մարմինների օրինական պահանջին չենթարկվելու համար, ինչը, ըստ ժողովրդական պաշտպանի, հաճախ չի բավարարում անհրաժեշտության պահանջը և ստանում է հավաքի ազատությանը չհիմնավորված միջամտության տեսք: Հավաքների ազատության իրականացումը առանձնահատուկ մարտահրավերների է բախվել, նոր կորոնավիրուսի համավարակի և դրա տարածումը կանխելու համար սահմանված սահմանափակումների ֆոնի ներքո: Ուշադրության կենտրոնում էր նաև հավաքի մասնակիցների համար որոշակի առարկաներով օգտվելու, օրինակ վառելափայտի օգտագործման արգելքը:

2020 թվականի խորհրդարանական զեկույցում առանձին գլուխ է տրամադրված տեղեկատվության ազատությանը: Լրատվամիջոցների և իրավապաշտպանների իրավունքի համար, մի տեսակ մարտահրավեր է դարձել հանրային տեղեկատվության փակումն ու հրապարակելու նկատմամբ գոյություն ունեցող հանրային հետաքրքրությունների անտեսումը: Վրաստանում գործող տեղեկատվության ազատության կարգավորիչ օրենսդրությունը թերի է, և պետք է հիմնովին բարեփոխվի, որը սկսվել է գրեթե ութ տարի առաջ և դեռ չի ավարտվել: Բացի այդ, կարևոր է, որ երկիրը ժամանակին վավերացնի Եվրոպայի խորհրդի 2009 թվականի հունիսի 18-ի «պաշտոնական փաստաթղթերին մատչելիության մասին» հռչակագիրը, որը Վրաստանը ստորագրել է հռչակագիրը ընդունելուն պես:

2020 թվականի հիմնական մարտահրավերներից մեկը խորհրդարանական ընտրությունների արդար և հավասար միջավայրում անցկացումն էր: Ընտրություններն անցան ծայրաստիճան լարված միջավայրում. Արձանագրվեցին ֆիզիկական առճակատումների և բռնի միջադեպերի, այդ թվում ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակման փաստեր: Հանրային աղբյուրներով տարածվում էր տեղեկատվություն տարբեր սուբյեկտների միջև առճակատումների, քվեարկության գաղտնիության խախտման, ընտրողի կամքի ենթադրյալ վերահսկողության, ընտրողին կաշառելու վերաբերյալ հնարավոր դեպքերի մասին: Այս ամենը բացասաբար է ազդել խաղաղ միջավայրում ընտրությունները անցկացնելու հանրային հետաքրքրության վրա. Ընտրական իրավունքի իրացման վրա ազդել է նաև նոր կորոնավիրուսով պատճառած համավարակը:

Հատկանշական է, որ տեղական դիտորդական կազմակերպությունները և քաղաքացիական հասարակության հատվածը, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները գնահատեցին որպես «Վրացական երազանքի» կառավարման շրջանում անցկացված ընտրությունների միջև «բոլորից նվազ ժողովրդավարական և ազատ» ընտրություններ: ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի միջազգային դիտորդական առաքելության ամփոփ զեկույցի համաձայն, ընտրություններն անց են կացվել մրցակցային միջավայրում և, ընդհանուր առմամբ, հիմնարար ազատությունների պաշտպանությամբ: Կազմակերպության գնահատմամբ, իշխող կուսակցության և պետության միջև սահմանը հաճախ անպարզ էր, ինչը, իր հերթին, նվազեցրեց հասարակության վստահությունը ընտրական գործընթացի որոշ ասպեկտների նկատմամբ:

Ընտրություններից հետո, իշխանությունները ստանձնլ են քաղաքական պատասխանատվություն, ընտրական բարեփոխումների իրականացման կապակցությամբ: Աշխատանքային խմբում ներգրավված է նաև ժողովրդական պաշտպանի գրասենյակը: Հուսով ենք, որ ընտրական բարեփոխումները հաջողությամբ կավարտվեն, և օրենսդրությունը կձևակերպվի այնպես, որ լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին և լավագույն փորձին:

Կրկին խնդրահարույց է մարդու իրավունքների պաշտպանների հետ կապված իրավիճակը - Բանավոր և ֆիզիկական հարձակումներ, ահաբեկման ցավալի միտում, նրանց վարկաբեկմանն ուղղված հայտարարություններ անելու անընդունելի փորձ, որն, այդ թվում հնչում էր բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների կողմից: Հատկանշական է արմատական ​​խմբավորումների հարձակումները «Թբիլիսիի փրայդի» գրասենյակի վրա: Հարկ է նշել, որ ազգային օրենսդրությունը չի հստակեցնում մարդու իրավունքների պաշտպանների հայեցակարգը, ինչը խոչընդոտում է նրանց նկատմամբ տարիների ընթացքում կատարված հանցագործությունների լիակատար բացահայտմանը և համապատասխան վիճակագրության պատրաստմանը:

2020 թվականը ծանր էր հակամարտությունից տուժած բնակչության համար: Դեռևս կովիդ 19-ի համավարակից առաջ, բռնազավթված Ցխինվալի Դե-ֆակտո իշխանությունները, ամբողջովին սահմանափակել են այսպես կոչված անցակետով տեղաշարժի ազատությունը, որի պատճառով արդեն մեկ տարուց ավել է աճում է այն մարդկանց թիվը, ովքեր զոհվել են բռնազավթված տարածքներում պատշաճ բժշկական օգնություն չստանալու պատճառով: Բացի այդ, ցավոք պետք է նշել, որ 2020 թվականին մարդկանց փորձը, հատել Էնգուրին և բռնազավթված գիծը շրջանցելով հասնել Զուգդիդի, հանգեցրել է երկու դժբախտ պատահարի: Այնպես, ինչպես անցած տարիներին, ժողովրդական պաշտպանը շեշտը դնում է քաղաքացիների ապօրինի կալանքի և վատ վերաբերմունքի դեպքերի վրա, ներառյալ քննարկված է՝ Վաժա Գափրինդաշվիլիի, Գենադի Բեստաևի, Իրակլի Բեբուայի, Զազա Գախելաձեի, Ռամազ Բեղելուրիի, Միրիան Թազիաշվիլիի և Խվիչա Մղեբրիշվիլիի ձերբակալությունների դեպքերը:

Ծանր վիճակում է բռնազավթված տարածքներում բնակվող կանանց և աղջիկների իրավական վիճակը և կրթության իրավունքի իրացումը:

Առողջության իրավունքի իրացման տեսանկյունից 2020 թվականին, ինչպես շատ այլ երկրներում, Վրաստանի առողջապահության համակարգը կանգնեց մեծ մարտահրավերների առջև: Մասնավորապես, խնդիր է մնացել հիվանդների պաշտպանության մեխանիզմների անարդյունավետությունը, հատկապես նշանակալի էր 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուշացված հոսպիտալացման և բուժման դեպքերը և առանձին դեպքերում հիվանդների մահը: Ցավոք, մինչ օրս այդ դեպքերի քննության և ձեռնարկված միջոցառումների և համապատասխան արդյունքների մասին, հասարակությանը տեղեկություն չի տրամադրվել: Ծանր էր բժշկական անձնակազմի իրավական վիճակը: 2019 թվականին անցկացված հետազոտության համաձայն, բժշկական օժանդակ անձնակազմն աշխատում է ավելի քան 40 ժամ, և նրանց 84.6%-ի վարձատրությունը 500 լարիից պակաս է, իսկ 100%-ը չի ստանում արտաժամյա վարձատրություն, ոչ սովորական և ոչ էլ ոչ աշխատանքային օրերին: Չնայած ձեռնարկված մի շարք միջոցառումներին, բնակչությունը դեռևս քիչ հասանելիություն ունի էժան դեղամիջոցներին, մինչդեռ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, առողջապահության ուղղությամբ գներն աճել են 9,7 տոկոսով:

2020 թվականին կարևոր իրադարձություն էր աշխատանքային օրենսդրության բարեփոխումը և աշխատանքային տեսչությանը լիարժեք մանդատի տրամադրումը աշխատանքային իրավունքների պաշտպանության վերահսկման համար: Հատկանշական է, որ 2018 թվականից հետո աշխատավայրում մահվան դեպքերը նվազում են, այնուամենայնիվ, զոհերի թիվը դեռ տագնապալիորեն բարձր է: Մասնավորապես, 2018 թվականին, աշխատանքի վայրում գրանցվել է մահվան 59 դեպք, 2019 թվականին`45, իսկ 2020 թվականին`39 դեպք: Աշխատանքի տեսչության տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործատուները համապատասխան կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկում աշխատողների և այլ անձանց անվտանգությունը պաշտպանելու համար, հետևաբար, սպասվող սպառնալիքները առավելագույնս նվազագույնի հասցնելու համար, աշխատանքի տեսչության ծառայությունը պետք է ակտիվացնի աշխատանքի անվտանգության տեսանկյունից ստուգումները:

Սոցիալական ապահովման իրավունքի պաշտպանության ուղղությամբ հիմնական մարտահրավերը «նպատակային սոցիալական աջակցության» ծրագրի արդյունավետության ուսումնասիրությունն էր, համակարգված մոնիտորինգը և համապատասխան մեթոդաբանության մշակումը: Նպատակային սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում, 2020 թվականի դեկտեմբերի դրությամբ, նախորդ տարվա համեմատ կենսաապահովման նպաստ էր ստանում գրեթե 100 000 մարդ: Հետևաբար, կենսաապահովման նպաստ ստացողների տոկոսային մասը ամբողջ բնակչության 11.5%-ից հասավ 14.1%-ի: Բացի այդ, ծրագրին միանալու ցանկություն ունի ևս 83 875 մարդ, չնայած նրանց միայն 51%-ն է օգտվում նպատակային սոցիալական օգնությունից: Ցավոք, կրկին լուծված չէ կենսաապահովման գործընթացի ժամանակում ձգձգման հարցը: Մասնավորապես, ընտանիքի կողմից դիմումներ ներկայացնելուց մինչև համակարգ հասնելը և վերջապես նպաստի հատուցումը ընկած ժամանակահատվածը տատանվում է 3-4 ամսվա ընթացքում: Ինչ վերաբերում է համարժեք սննդի իրավունքի իրացմանը և անվճար ճաշարաններին մատչելիությանը, ժողովրդական պաշտպանը նշում է, որ մունիցիպալիտետների մեծ մասը չի ուսումնասիրել իրենց տարածքում ապրող անձանց և ընտանիքների սննդի հասանելիության կարիքները և անվճար ճաշարանների առումով մարտահրավերները մնում են չլուծված:

Համապատասխան բնակարանային իրավունքի կապակցությամբ պետությունը չունի անօթևան մարդու լիարժեք օրենսդրական պարզաբանում և անհրաժեշտ շրջանակ օրենսդրություն: Մինչ օրս գոյություն չունի անօթևան անձի միասնական և մի շարք մունիցիպալիտետներում - Տեղական տվյալների շտեմարաններ, սահմանափակ են բյուջետային և ենթակառուցվածքային ռեսուրսները, ապաստարաններում և սոցիալական բնակատեղիներում գտնվող անձանց աջակցության ծրագրերը:

Շրջակա միջավայրի պաշտպանության առումով Վրաստանը կանգնծ էր մի շարք մարտահրավերների առջև: Առանձնապես սուր էր. Էներգետիկ քաղաքականությունը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգի օրենսդրական և հարկադիրի բացերը, քաղաքաշինության մեջ մարդու իրավունքների խախտումները, շրջակա միջավայրին հասցված վնասը կանխելու և վերացնելու համար համապատասխան երաշխիքների բացակայությունը: Դրա հետ մեկտեղ, չնայած մի շարք դրական միջոցառումներին, օդի որակի մոնիտորինգի համակարգը դեռ թերի է և չի ապահովում աղտոտման ամբողջական պատկերը. Արդյունաբերական հատվածից բխող ապագա աղտոտման հարցը նույնպես կարգավորված չէ:

Հաշվետու տարվա ընթացքում, հասարակության հատուկ ուշադրության առարկա էր Նամախվանի ՀԷԿ-ի կասկադի նախագիծը: Բնակչության, մասնագետների և քաղաքացիական հասարակության հիմնական մտահոգությունը և անդադար բողոքի առարկա էր ներկայացնում, հիմնականում նախագծի իրականացման դեպքում երկրաբանական և սեյսմիկ ռիսկերը, սողանքների հետ կապված սպառնալիքները, սպասվող միկրոկլիմայական փոփոխությունները, որոնք, ընդհանուր առմամբ, հասարակության մոտ առաջացնում են էկոլոգիական և սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ակընկալիքներ: Բացի այդ, հարցականի տակ են դրվում նախագծի տնտեսական և էներգետիկ օգուտները: Միևնույն ժամանակ, խնդրահարույց էր ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկումը, որն էլ ավելի խորացրեց նախագծի նկատմամբ հասարակության անվստահությունը:

Մշակութային ժառանգության պաշտպանության անբավարար և անարդյունավետ օրենսդրական կարգավորումը, ինչպես նաև ոչ պատշաճ պահպանական-վերականգնողական ոչ պատշաճ գործընթացը դարձել են համաշխարհային ժառանգության անշարժ հուշարձանի `Գելաթիի եզակի որմնանկարներին զգալի վնաս հասցնելու պատճառներից մեկը: Ժողովրդական պաշտպանի կողմից այդ հարցի ուսումնասիրությունը պարզեց, որ ըստ նախագծային փաստաթղթերի, չեն փաստարկվել տանիքի վերանորոգման կոնկրետ մեթոդաբանության կիրառման առավելությունը և կարիքները: Այնուամենայնիվ, թույլտվության տրամադրման փուլում չեն ստուգվել օգտագործված նյութերը: Գելաթիի հետ միասին ուշագրավ է նաև մշակութային ժառանգության այլ օբյեկտների վիճակը, 2020 թվականի վերջին հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի՝ ICOMOS-ի կողմից հրապարակված զեկույցում, աշխարհում վտանգի տակ գտնվող հուշարձանների ցուցակում Վրաստանից հայտնվեցին. Բաթումիի քաղաքային ժառանգությունը, Խադայի կիրճը. Դավիթ-Գարեջի վանական համալիրը: Այս հուշարձանների պատշաճ պաշտպանությունը և համապատասխան արդյունավետ քայլերի ձեռնարկումը պետության անվերապահ պարտավորությունն է:

Խորհրդարանական զեկույցում քննարկված է նաև երկրում մարդու իրավունքների կրթության հարցը: 2020 թվականին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցության արդյունքում, մշակվեց առցանց ուսուցողական դասընթաց մանկավարժների համար: Ցավոք, մենք որևէ առաջընթաց չենք արձանագրել քաղաքականության փաստաթղթերի (մարդու իրավունքների կրթության ռազմավարություն և գործողությունների ծրագիր) մշակման և դպրոցներում պրոզելիտիզմի / կրոնական ինդոկտրինացիայի դեպքերի ակտիվորեն հայտնաբերման հարցում: Դրա հետ մեկտեղ, հանրակրթական համակարգում թվային քաղաքացիության մասին կրթության ինտեգրման մակարդակը դեռ չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի և երեխայի իրավունքների հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակակից չափանիշներին:

Երեխաների իրավական վիճակի տեսանկյունից, հաշվետու ժամանակահատվածում երեխաների նկատմամբ բռնության փաստերը կրկին բարձր էին: 2020 թվականին բացահայտվել է երեխաների նկատմամբ բռնության 1 818 դեպք: Չնայած դրան, անմիջական բռնության զոհ դարձած երեխաների համար սպասարկման նպատակային պետական ծառայությունները դեռ չեն ներդրվել: Կրկին խնդրահարույց է երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը կանխելը, զոհերին պաշտպանելը և օժանդակելը, ինչի համար կարևոր է սոցիալական աշխատողների և հոգեբանների անձնակազմի ժամանակին ավելացումը: Ողջ երկրում միայն 268 սոցիալական աշխատող և 12 հոգեբան ստիպված են աշխատել բազմաբնույթ խնդիրներ ունեցող հազարավոր անչափահասների հետ: Երեխայի ինքնասպանության կանխումը նույնպես մնում է մարտահրավեր: 2020 թվականին գրանցվել է անչափահասների ինքնասպանության 14 և ինքնասպանության փորձի 54 դեպք: Չնայած խնդրի հրատապությանը, պետությունը դեռ չի մշակել դրա վերացման հատուկ ռազմավարություն և գործողությունների ծրագիր:

Հիմնախնդիրներ են հայտնաբերվել նաև հեռավար ուսուցման գործընթացում, ինչը վտանգում է որոշ երեխաների կրթության իրավունքը, հատկապես մարզերում և աղքատության մեջ ապրող անչափահասների համար: Կրկին բարձր է աշակերտների կողմից ուսումը դադարեցնելու ցուցանիշը:

Հատկանշական է նաև, որ համավարակը կտրուկ բացասաբար է անդրադարձել ընտանիքների սոցիալ-տնտեսական կարգավիճակի վրա: Վրաստանում, 2020 թվականի հունվարից դեկտեմբեր ժամանակահատվածում, կենսաապահովման նպաստ ստացող երեխաների ընտանիքների թիվը 71 766-ից հասավ 87 527-ի, իսկ ծրագրում ներգրավված անչափահաս շահառուների թիվը 152 353-ից հասավ 186 131-ի:

Սեզոնային աշխատանքում, տնային տնտեսությունների և արտերկրում ժամանակավոր աշխատանքային միգրացիայի ժամանակ, անչափահասները ներգրավված չեն դասավանդման գործընթացում: Այս ժամանակահատվածում նրանք ստիպված են աշխատել իրենց հասակին և ֆիզիկական զարգացմանը անհամապատասխան ծանր, ծանրաբեռնված գրաֆիկով և անառողջ միջավայրում. Հաճախ նրանք նույնպես չունեն պատշաճ կենսապայմաններ: Համավարակի ընթացքում հատկապես խոցելի էին փողոցներում բնակվող և աշխատող երեխաները:

Կրկին խնդիր մնում կրոնական գիշերօթիկ դպրոցներում ապրող անչափահասների իրավական կարգավիճակի պաշտպանությունն ու վերահսկումը: Հատկանշական է Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի դեպքը, որի ներկայացուցչությունը դեմ է սոցիալական աշխատողի այցելություններին, ինչը չափազանց բարձր վտանգի տակ է դնում գիշերօթիկ դպրոցներում ապրող անչափահասների իրավական կարգավիճակի պաշտպանության հարցը և մեծացնում է գիշերօթիկներում արդեն իսկ բարձր մակարդակով գոյություն ունեցող ինստիտուցիոնալ բռնության ռիսկը:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առումով 2020 թվականին ողջունելի է կարևոր օրենսդրական և կարգավորող ակտերի ընդունումը և երկրի ներքին օրենսդրության միջազգային չափանիշներին մերձեցումը: Այնուամենայնիվ, ժողովրդական պաշտպանի մի շարք հանձնարարականներ հաշվի չեն առնվել և որևէ նշանակալի քայլեր չեն ձեռնարկվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագիրը կյանքի կոչելու ուղղությամբ:

Համավարակի ընթացքում, վերականգնման ծրագրերի շահառուների համար մեծ խոչընդոտ դարձավ հասարակական տրանսպորտով տեղաշարժվելու սահմանափակումները: Բարդ էր նաև ներառական կրթական գործընթացում սահմանափակ կարողություններ և հատուկ կրթական կարիք ունեցող աշակերտների պատշաճ ներգրավումը:

Երկրում ամենախոցելի և անպաշտպան խմբերից մեկը տարեցներն են: Նպատակային սոցիալական աջակցության ծրագրում գրանցված բնակչության ավելի քան 25%-ը տարեցներ են: Այս պայմաններում, ցավոք, մինչ այժմ մշակված չէ ծերացման գործողությունների նոր ծրագիր, իսկ 2017-2018 թվականների գործողությունների ծրագրի կեսից ավելին չի կատարվել: Իրավիճակը չի փոխվել, և տարեցները դեռ վճարում են իրենց կենսաթոշակի 50%-ը կենսաթոշակային վարկը մարելու համար, ինչը էլ ավելի է խորացնում նրանց սոցիալ-տնտեսական վիճակը:

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում զորակոչիկների իրավական կարգավիճակին՝ ներքին գործերի նախարարությունում և հատուկ քրեակատարողական ծառայությունում: Ներքին գործերի նախարարությունում զորանոցային ռեժիմում գտնվող զինծառայողների ամսական աշխատավարձը կազմում է 40 լարի, իսկ երեք օրը մեկ աշխատանքային ռեժիմում գտնվող զինծառայողների աշխատավարձը՝ 24 լարի: Հատուկ քրեակատարողական ծառայության զինծառայողների վարձատրությունը, որոնք ծառայում են երեք օրը մեկ, կազմում է 52 լարի, և նրանք այդ գումարից ստիպված են վճարել տրանսպորտի, ինչպես նաև հիգիենայի պարագաների և սնունդ գնելու համար: Նույն ծառայությունում թիվ 17 բաժանմունքում, զորանոցային ռեժիմում գտնվող զինծառայողների ամսական աշխատավարձը կազմում է ընդամենը 5 լարի, ինչը բավարար չէ տարին երկու անգամ տուն մեկնելու համար: Զեկույցում մանրամասն քննարկված է զինվորական անձնակազմի կենսական պայմանները:

Երկրում բռնի տեղահաված անձանց – փախստականների ուղղությամբ, պետությունը վերաբնակեցրել է 42 370 ընտանիքի, մինչդեռ 40 131 ընտանիք դեռ սպասում են վերաբնակեցմանը: Ճիշտ է, 2020 թվականին, ի տարբերություն նախորդ տարիների, ամենից շատ այսպես կոչված փլուզվող օբյեկտներից (96 շենք) վերաբնակեցվել է դրանցում բնակվող 711 ընտանիք, չնայած գործադրված ջանքերին, մարտահրավերները դեռ մնում են: Բացի տեղահանվածներից, կարևոր էր պաշտպանել նաև էկո-ներգաղթյալների իրավունքները: Կարևոր է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կենտրոնանան էկո-միգրացիան կանխելու և ոչ թե պարզապես հետևանքները վերացնելու վրա, որը տարիներ շարունակ ձևավորվել է որպես միտում: Կանխարգելիչ միջոցառումների հատուկ կարևորությունը պարզ դարձավ, ինչպես անցյալ տարի, Աջարիայի ինքնավար Հանրապետության Խելվաչաուրիի մունիցիպալիտետի, Ջոճո գյուղի դեպքի օրինակով, այնպես էլ Թբիլիսիում ընթացող սողանքային գործընթացների ֆոնին:

Ժողովրդական պաշտպանի գնահատմամբ, ցավոք, հաշվետու տարում նույնպես չեն վերացվել ազգային փոքրամասնությունների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման ոլորտում գոյություն ունեցող մարտահրավերները: Ցածր է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների քաղաքական ինտեգրումը և որոշումների կայացման գործընթացին մասնակցելը, կրթության իրավունքին հասանելիությունը: Ազգային փոքրամասնությունների մշակույթի պաշտպանությունն ու խթանումը ապահովելու ուղղությամբ իրականացվող գործողություններն անբավարար են:

Հավատքի և կրոնի ազատության մասին գլխում, 2020 թվականի հիմնական մարտահրավերների միջև քննարկվում է. Ոչ դոմինանտ կրոնական միավորումների նկատմամբ հարկային և պետական ​​գույքի մասին օրենսդրության խտրական նորմերը, ատելության ենթադրյալ հանցագործությունները և դրանց հետաքննության անարդյունավետությունը, համավարակի ժամանակաշրջանում պետության կողմից կրոնական միավորումների նկատմամբ արտահայտած անհավասար վերաբերմունքի փաստերը և հանրային հնչեցված հակասեմիտական և կրոնական նշանով խտրական հայտարարությունները:

Համավարակը առանձնապես ծանր ազդեցություն է ունեցել օտարերկրացիների իրավական վիճակի վրա, այդ թվում ապաստարան փնտրող, փախստականի կամ մարդասիրական կարգավիճակ ունեցող անձանց, անօրինական, առանց փաստաթղթերի կամ ոչ ֆորմալ կերպով աշխատող ներգաղթյալների վրա:

Սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրի բաղադրիչը, որը ամսական ֆինանսական օգնություն էր տրամադրում առանց աշխատավարձի մնացածներին, չի ընդգրկել Վրաստանում աշխատանքային բնակություն ունեցող օտարերկրացիներին, ինչը նրանց դրել է սոցիալական անպաշտպան վիճակում: Նույնպես կարևոր մարտահրավեր է ներկայացնում անօթևան անձանց ապաստարանով ապահովման քաղաքային ծրագրերից օտարերկրացիներին բացառելը: Կրկին ցածր էր միջազգային պաշտպանության շնորհման, ինչպես նաև ներգաղթյալներին կացության թույլտվության տրամադրման ցուցանիշը:

Քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի տեսանկյունից, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի հաստատման համար վճարելու գումարի չափը 2020 թվականի ավարտին պետք է կիսով կրճատվեր, սակայն չկարողացավ կատարել 2019 թվականի հոկտեմբերին, ՄԱԿ-ի փախստականների բարձրագույն հանձնակատարության գործադիր հանձնաժողովի նիստում, կամավոր ստանձնած պարտավորությունը:

Ժողովրդական պաշտպանը դրական է գնահատում, քաղաքացիություն չունեցող անձանց նախատեսումը՝ 2020 թվականին իշխանությունների կողմից նոր կորոնավիրուսով պատճառված վնասի մեղմացման նպատակով, սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերի հասցեատերերի շրջանում: Սակայն, խնդրահարույց է, որ ժամանակավոր կացության թույլտվություն ունեցող քաղաքացիություն չունեցող անձինք, իրականում զրկված էին կառավարական հակաճգնաժամային սոցիալական փաթեթի այն ծրագրերով օգտվելու հնարավորությունից, որը ամսական դրամական օգնություն էր տրամադրում սոցիալապես անապահով ընտանիքներին:

2020 թվականին ժողովրդական պաշտպանի գրասենյակը ստացել է մարդու իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ 5 698 դիմում, այստեղից ընդունվել է 3 859-ը: Թեժ գծով ստացվել է 8 270 զանգ: Արևելյան և արևմտյան Վրաստանի տարածաշրջանային գրասենյակները հեռախոսային և անձնական խորհրդատվություն են տրամադրել 5 684 շահագրգիռ անձանց. Տեղի է ունեցել 618 հանդիպում բնակչության և տեղական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Անհատական ​​դիմումները քննարկելու արդյունքում, 2020 թվականին ժողովրդական պաշտպանը պատրաստեց և ուղարկեց 107 հանձնարարական / առաջարկ: Այդ թվում 10 հանձնարարական ուղարկվել է Վրաստանի գլխավոր դատախազություն, 7-ը՝ արդարադատության նախարարություն: Պատրաստվել է 25 հատուկ զեկույց, ուղարկվել է 6 սահմանադրական հայց և 6 հաղորդագրություն Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողով: Պատրաստվել և ուղարկվել է 11 դատարանի բարեկամի կարծիք: Հաշվետու ժամանակահատվածում ժողովրդական պաշտպանը դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարան և ներգրավվել որպես երրորդ կողմ 2 գործերում:

Քրեական արդարադատության վարչության աշխատակիցները 286 այցելություն են կատարել քրեակատարողական հիմնարկներ, տեսակցել են 1 159 ձերբակալված / կալանավորված անձանց: 15 այցելություն է կատարվել հոգեկան առողջության ազգային կենտրոն և տեսակցել են 46 հիվանդի: Բացի այդ, հատուկ կանխարգելիչ խումբը 28 այցելություն է իրականացրել 10 քրեակատարողական հիմնարկ, 38 այց`28 ժամանակավոր պահման մեկուսարան, 61 այցելություն ոստիկանության բաժանմունքներ, 6 այցելություն 4 հոգեբուժական հաստատություն, 2 այցելություն Վրաստանի ներքին գործերի նախարարության ներգաղթի կենտրոն: Կարանտինային տարածքներում անց է կացվել 124 հեռավար հարցազրույց: Պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ժողովրդական պաշտպանի գրասենյակն այցելել է Վրաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող 8 զորամաս, Վրաստանի ներքին գործերի նախարարության 16 զինվորականացված բաժանմունք, հատուկ քրեակատարողական ծառայության 4 հիմնարկներ:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)