Նորություններ

Երեխաների իրավունքների մասին և երեխայի համար հարմար տեղեկատվական նյութերի շնորհանդես

«Երեխաների ձայնը պետք է լսելի լինի ամենուր, քանի որ նրանք լավագույնս գիտեն իրենց կարիքները։ Սակայն, ցավոք, նրանք հաճախ չգիտեն իրենց իրավունքները և այդ իրավունքների պաշտպանության մեխանիզմները. մինչդեռ երեխաներին իրազեկելը մեծ դեր է խաղում իրավունքների հնարավոր խախտումների կանխարգելման, ժամանակին հայտնաբերման և համապատասխան արձագանքման գործում»,- այս մասին երեխաների իրավունքների մասին, երեխաներին հարմարեցված տեղեկատվական նյութեր ներկայացնելու ժամանակ, հայտարարել է Ժողովրդական պաշտպանը։

Միջոցառմանը Ժողովրդական պաշտպանի գրասենյակը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և երեխաների մասնակցությամբ ամփոփեց՝ «Աջակցություն երեխաների համար բարենպաստ արդարադատությանը. հետազոտությունների, մոնիտորինգի և երեխաների համար տեղեկատվության հարմարեցում» նախագիծը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Ջեսպեր Մոլլերն իր խոսքում նշել է, որ բոլոր երեխաները պետք է իմանան իրենց իրավունքներն ու ազատությունները, իմանան, թե ում և ինչպես դիմեն իրենց այդ իրավունքների խախտման դեպքում։ Կարծում եմ՝ պատրաստված տեղեկատվական նյութերը կօգնեն երիտասարդներին գործնականում օգտագործել իրենց իրավունքները և ազատությունները։

Երեխաների իրավունքներին վերաբերող տեղեկատվական նյութերը նպատակ ունեն երեխաներին ծանոթացնել իրենց իրավունքներին, իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և լայնորեն տարածել երեխաների իրավունքների մասին տեղեկատվություն:

Ժողովրդական պաշտպանի գրասենյակը հատկապես կարևորում է հասարակության մեջ երեխաների իրավունքների մասին իրազեկվածության բարձրացումը։ Այդ նպատակով գրասենյակի աշխատակիցները հանդիպում են երեխաներին ամբողջ հանրապետությունում և տեղեկատվական հանդիպումներ անցկացնում նրանց հետ։

Հանդիպման ավարտին տեղի ունեցած քննարկմանը երեխաներն իրենց կարծիքն են հայտնել երեխայի իրավունքների և իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին տեղեկատվության տարածման վերաբերյալ։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)