Նորություններ

Վրաստանի Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ

Միավորված ազգերի կազմակերպության նախաձեռնությամբ, դեկտեմբերի 3-ին նշվում է՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը։ Այս օրվա նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և բարեկեցության պաշտպանությանը, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ ապահովելու նրանց պատշաճ ներգրավվածությունը սոցիալական, քաղաքական, տնտեսական կամ մշակութային կյանքում: Ամեն տարի այս օրվա նշումը կապված է տարբեր թեմայի հետ։ Այս տարվա թեման է՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդությունը և մասնակցությունը ներառական, մատչելի և կայուն հետկովիդային (Covid-19) աշխարհում»:

Այս տարի Վրաստանի խորհրդարանը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, ՄԱԿ-ի հռչակագրի կամընտիր արձանագրությունը, որը կարևոր է միջազգային մեխանիզմներով այդ անձանց իրավունքների պաշտպանության ապահովման համար։

Պետք է ողջունել Վրաստանի կառավարության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հռչակագրի հաստատման համար միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է նպաստի երկրում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պատշաճ պաշտպանությանը։

Չնայած որոշ դրական քայլերին, Վրաստանում խնդիր է մնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումը տարբեր ուղղություններով։ Դրանց թվում անցում չի կատարվել հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակի տրամադրման սոցիալական մոդելին։ Խնդրահարույց է ազգային մակարդակով որոշումների կայացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցության չափանիշների, երաշխիքների և մեխանիզմների բացակայությունը: Այս տարի հաշմանդամություն ունեցող որոշ մարդիկ դեռևս դուրս են մնում նոր կորոնա համավարակի մարտահրավերներին ի պատասխան մշակված պետության հակաճգնաժամային տնտեսական ծրագրից:

Կրկին մարտահրավեր է ներկայացնում Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության, կապի միջոցների և տարբեր ծառայությունների հասանելիությունը: Հատկապես կարևոր է կառավարության կողմից՝ «Հասանելիության ազգային չափորոշիչների հաստատումից» հետո, ժամանակին և հաշմանդամություն ունեցող անձանց պատշաճ ներգրավմամբ մշակվի հասանելիության ազգային ծրագիրը:

Կարևոր է հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների իրացումը, նրանց զարգացմանը նպաստելը, ինչպես նաև բռնության դեպքերը ժամանակին բացահայտելն ու արձագանքելը։ Նշենք, որ չնայած 2018-2021 թվականներին երեխաների նկատմամբ բռնության դեպքերի աճող դիմողականությանը, ցածր է հաշմանդամություն ունեցող երեխաների, այդ թվում՝ աղջիկների նկատմամաբ գրանցված ցուցանիշը։ Կարևոր է նաև շեշտը դնել ներառական կրթության կարիքների վրա: Մասնավորապես, կրկին արդիական է՝ կրթական տարածքի, կրթական ռեսուրսների և գործընթացների հասանելիությունն ապահովելու համար արդյունավետ միջոցների անհրաժեշտությունը: Ինչպես նաև ներառական կրթության մասնագետներին ժամանակին և անհրաժեշտ քանակությամբ կենտրոնացումը։

Խնդիր է ներկայացնում սոցիալական վերականգնումը և երեխաների խնամքի ծրագրով մատուցվող ծառայությունների աշխարհագրական ծածկույթը։ Ենթածրագրերն իրականացվում են միայն 15-20 մունիցիպալիտետներում և հնարավոր չէ դրանք տրամադրել իրենց բնակության վայրին մոտ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաներին / անձանց։ Ծառայությունների մեծ մասում կրկին նկատվում են սպասման հերթեր։ Հարկ է նշել, որ հաշմանդամություն ունեցող երեխաների/անձանց մասնագիտացված հաստատությունները իրենց չափերով և ռեժիմով չեն բավարարում ստանդարտ ընտանեկան պայմաններին մոտ միջավայրի պահանջները, ինչը ևս մեկ անգամ մատնանշում է ապաինստիտուցիոնալացման գործընթացի համալիր և ժամանակին իրականացման անհրաժեշտությունը:

Համավարակի ընթացքում բացահայտվել են հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պաշտպանության տեսանկյունից մի շարք համակարգային խնդիրներ։ Այդ թվում՝ բժշկական հաստատությունների և ծառայությունների հասանելիության, ինչպես նաև բուժանձնակազմի հետ շփվելու բարդության առումով։ Բավարար չեն նաև հոգեկան առողջության ոլորտում ձեռնարկվող միջոցառումները։ Հարկ է նշել, որ համայնքային ծառայությունների թիվը և աշխարհագրական ընդգրկման տարածքը էականորեն չեն աճել։ Պատշաճ կերպով չեն կատարվում, նոր կորոնավիրուսով (SARS-CoV-2) առաջացած վարակի (COVID-19) տարածման կանխարգելման և վերահսկման չափանիշները, ինչպես հոգեբուժական, այնպես էլ հաշմանդամություն ունեցող երեխաների/անձանց համար նախատեսված մասնագիտացված հաստատություններում։

Քաղաքային մակարդակում մարտահրավեր է ներկայացնում կարիքների վրա հիմնված ծառայությունների ներդրումը/ուժեղացումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց խորհուրդների պատշաճ գործունեությունը: Կորոնավիրուսի համավարակի ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գործունեությունը, բացի բյուջետային միջոցառումներից, հիմնականում ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց պարենային զամբյուղների տրամադրումը և կենտրոնացած չէ նրանց անհատական ​​կարիքների վրա։

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը կոչ է անում պետությանը արդյունավետ քայլեր ձեռնարկել հաշմանդամություն ունեցող երեխաների և անձանց իրավունքների պատշաճ իրացումն ապահովելու, հանրային իրազեկվածությունը բարձրացնելու և ներառական և կայուն հասարակություն ստեղծելու համար։

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)