Ժողովրդական պաշտպանը աշխատանքային հարաբերություններում հաստատել է՝ սեռական ոտնձգություն, ծառայություն ծառայության դիմաց
Ժողովրդական պաշտպանը «Ֆակտոր Գրուպ» ՍՊԸ-ում աշխատող կնոջ նկատմամբ հաստատել է սեռական ոտնձգության փաստ և 2022 թվականի հուլիսի 5-ին հանձնարարականով դիմել է ընկերության տնօրենին՝ հորդորելով հետագայում սեռական ոտնձգություն չիրականացնել աշխատակիցների նկատմամբ և չստեղծել միջավայր, որը վիրավորական է, նվաստացուցիչ և/կամ նրանց արժանապատվությանը անհարիր:
Ժողովրդական պաշտպանի գրասենյակում դիմողի շահերը ներկայացնում էր Ո(Ո)ԻԱ «Սափարի»-ն։
Գործի փաստական հանգամանքների համաձայն՝ ծառայությունն սկսելուց կարճ ժամանակ անց ընկերության տնօրենը համակարգված նամակագրություն է սկսել դիմողի հետ ոչ ծառայողական հարցերով։ Նա իր նամակագրության մեջ ընդգծել է կնոջ արտաքին տեսքը և ակնարկել, որ նրա կարիերայի առաջընթացը կախված է նրա վարքագծից։ Այն բանից հետո, երբ կինը գործատուին բացատրել է, որ տղամարդ ընկեր ունի, և իր համար տհաճ ու անընդունելի է շեֆի հետ անձնական հարցերի շուրջ շփվելը, տնօրենը սկսել է դժգոհություն հայտնել աշխատակցի գործունեությունից։ Արդյունքում կինը ստիպված է եղել թողնել աշխատանքը։
Գործում առկա հանգամանքների և ապացույցների վերլուծությունը ցույց է տվել, որ պատասխանողի (ընկերության տնօրենի) կողմից տեղի է ունեցել սեռական ոտնձգություն, որը դրսևորվել է անցանկալի սեռական բնույթի նամակագրությամբ։ Հատկանշական է, որ նշված դեպքում Ժողովրդական պաշտպանն առաջին անգամ սահմանել է սեռական ոտնձգության տեսակը՝ «Ծառայություն ծառայության դիմաց (Quid Pro Quo)»։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ժողովրդական պաշտպանն իր հանձնարարականում կոչ է արել ընկերության ղեկավարին՝ սեռական ոտնձգությունները կանխելու նպատակով մշակել ներքին կազմակերպչական փաստաթուղթ, որը կներառի ենթադրյալ սեռական ոտնձգության փաստը բողոքարկելու և ուսումնասիրելու ընթացակարգեր: