Մարդու իրավունքների համաժողով - Վրաց հասարակության անհավասարության հարցը քննարկելու տարածք
2021 թվականի դեկտեմբերի 10 - Մարդու իրավունքների օրը, տեղի ունեցավ մարդու իրավունքների համաժողով, որին քննարկվեց վրաց հասարակության մեջ ժողովրդավարության հաստատման, իրավահավասար և արդար հասարակության կառուցման համար խոչընդոտները։ Միջոցառումը նախաձեռնվել և աջակցվել է՝ Եվրամիության (EU), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Հարավային Կովկասում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) և Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի կողմից։
Սա Մարդու իրավունքների օրվա ուղերձն է՝ «Բոլոր մարդիկ իրավահավասար են»։ Համաժողովին քննարկվեց երեք հիմնական ոլորտ, որտեղ համավարակը հատկապես սրեց տնտեսական և սոցիալական անհավասարությունը: 1. Գենդերային իրավահավասարություն, 2. ԼԳԲՏ + համայնքի իրավական և սոցիալական պաշտպանություն: 3. Էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքներ:
«2021 թվականին իրավահավասարության խնդիրը մնում էր մարտահրավեր։ Կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ԼԳԲՏ+ համայնքի և էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը էականորեն չի բարելավվել։ Հատկապես մտահոգիչ էին հուլիսին «Թբիլիսի փրայդի» շաբաթվա հետ կապված իրադարձությունները, երբ իրավապահ մարմինները չպատասխանեցին ԼԳԲՏ+ համայնքի անդամների և լրագրողների նկատմամբ բռնությանը: Բռնություն հրահրողներն ու բռնություն գործադրողները պատասխանատվության չեն ենթարկվել»,- իր ելույթում ասել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան։
Համաժողովին խոսքով հանդես են եկել՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան, Մարդու իրավունքների հարցերով վարչապետի խորհրդական Նիկո Թաթուլաշվիլին, Եվրամիության ներկայացուցչության քաղաքականության, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալ Էվիա Կոտանին, Վրաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Սաբինե Մախլին, Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) ղեկավար Նիկ Բերեսֆորդը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի գրասենյակի (OHCHR) ավագ խորհրդական՝ Վլադիմիր Շկոլնիկովը։
Քննարկմանը մասնակցել են Վրաստանի խորհրդարանի անդամներ, պետական գերատեսչությունների, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի և առաջատար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի տեղակալ Էկատերինե Սխիլաձեն իր ելույթում խոսեց կանանց տնտեսական հզորացման անհրաժեշտության մասին՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ գենդերային հավասարության ամրապնդման հիմնական նախապայմաններից մեկը։
Ժողովրդական պաշտպանի գրասենյակի իրավահավասարության բաժնի ղեկավար Քեթևան Շուբաշվիլին քննարկեց հակախտրական քաղաքականությունը և առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիությունը ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համատեքստում:
Ժողովրդական պաշտպանի գրասենյակի Հանդուրժողականության կենտրոնի ղեկավար Բեքա Մինդիաշվիլին խոսեց էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների, նրանց քաղաքացիական ներգրավվածության և մասնակցության մասին։
Մարդու իրավունքների համաժողովը այս տարվա Մարդու իրավունքների շաբաթյակի ամփոփիչ միջոցառումներից է։ Շաբաթյակի ընթացքում Եվրամիությունը (EU), Միավորված ազգերի կազմակերպությունը և Վրաստանի Ժողովրդական պաշտպանը վերահաստատեցին իրենց ամուր աջակցությունը մարդու իրավունքների սկզբունքներին, որոնք ամրագրված են Վրաստանի Սահմանադրությամբ և բոլոր հիմնական քաղաքականության փաստաթղթերում։ Մարդու իրավունքների հարգումն ու պաշտպանությունը այնպիսի կարևոր միջազգային պայմանագրերի և ձևաչափերի հիմքն է, ինչպիսին են Վրաստանի ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ և Կայուն զարգացման նպատակների ձեռքբերումը: