Տեղեկատվություն

Վրաստանի Ժողովրդական պաշտպանն արձագանքում է օկուպացիոն ռեժիմի կողմից Վրաստանի քաղաքացիների ապօրինի կալանավորման հաճախակի փաստերին։

Վրաստանի Ժողովրդական պաշտպանն արձագանքում է օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների կողմից Վրաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալման հաճախակի փաստերին։ Այս տարվա ապրիլին, ապօրինի ձերբակալվել էին Վրաստանի 5 քաղաքացիներ, որոնք բնակվում էին Արցևի, Օտրևի և Դիրբի գյուղերի մոտակայքում։

Նշված դեպքերը հստակ ցույց են տալիս, որ օկուպացիոն ռեժիմը շարունակում է այսպես կոչված սահմանն ապօրինի հատելու համար մարդկանց ձերբակալելու անօրինական պրակտիկան:

Վրաստանի Ժողովրդական պաշտպանն ընդգծում է, որ օկուպացիոն ռեժիմի կողմից իրականացվող նմանատիպ անօրինական գործողությունները կոպտորեն խախտում են օկուպացված տարածքներում բնակվող բնակչության իրավունքներն ու ազատությունները, ինչը ևս մեկ անգամ հաստատում է օկուպացված տարածքներում մարդու իրավունքների միջազգային դիտորդական առաքելությունների մուտքի անհրաժեշտությունը։

Նշենք, որ 2024 թվականի ապրիլի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որով հերթական անգամ պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի Դաշնության վրա՝ Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների խախտումների համար։[1] Մասնավորապես, դատարանի մեկնաբանության համաձայն, օկուպացիոն գիծը հատելու համար էթնիկ վրացիների ցանկացած ձերբակալություն/ազատազրկում Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անվտանգության իրավունք) խախտում է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի հունվարի 21-ի որոշումը նույնպես մատնանշում է Ռուսաստանի Դաշնության պատասխանատվությունը

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը հուսով է, որ ստեղծված իրավիճակում Վրաստանի իշխանությունները միջազգային կազմակերպությունների օգնությամբ ջանք չեն խնայի Վրաստանի քաղաքացիների շուտափույթ ազատ արձակումն ապահովելու համար։


[1] Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը գործով – Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի IV. Տեղեկատվություն. https://hudoc.echr.coe.int/#{%22itemid%22:[%22001-232000%22]}.

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)