Նորություններ

Մարդու իրավունքների Ժողովրդական պաշտպանի հայտարարությունը պատերազմի եւ պաշտպանության ուժերի վետերանների օրվա առթիվ

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորում է բոլոր վետերաններին` վետերանների օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնում նրանց հայրենիքին մատուցած ծառայության և նվիրման համար: Յուրաքանչյուր վետերան իր արժանիքներով կարևոր է երկրի համար և օրինակ է ապագա սերունդների համար:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ակտիվ ուշադրություն է դարձնում վետերանների իրավունքների պաշտպանությանը, փորձում է բացահայտել վետերանների հետ կապված մարդու իրավունքների խախտումների տարբեր տեսակներ և գտնել դրանց լուծման ուղիներ:

2018-ի խորհրդարանական զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձավ մի այնպիսի կարևոր խնդրի, ինչպիսին է պատերազմի և պաշտպանության ուժերի վետերանների համար եկամտահարկի հարկային արտոնությունների ավելացումը: Վրաստանի խորհրդարանը՝ «Վրաստանում 2018 թվականին մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավիճակի մասին Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի» որոշման մեջ հաշվի է առել մեր առաջարկությունը և հանձնարարել է Վրաստանի ֆինանսների նախարարությանը իրականացնել այն։ Չնայած դրան, ցավոք, այս հարցը մինչ օրս լուծված չէ:

Միևնույն ժամանակ, Վրաստանի Կառավարության կողմից, 2019 թվականի մայիսի 14-ի N222 որոշմամբ կատարվել են փոփոխություններ, և վետերանի կարգավիճակ ունեցող բոլոր անձանց տրվել է սուբսիդիա օգտագործելու հնարավորություն: Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանը մի քանի տարի է, ինչ այս առաջարկությամբ դիմում է Վրաստանի Կառավարությանը, և օրենսդրական փոփոխություններն իրականացվեցին այն բանից հետո, երբ մենք բողոքարկեցինք հարցը Սահմանադրական դատարան:

Այստեղ նաև ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2007 թվականից ի վեր տնային տնտեսությունների սուբսիդիայի չափը չի ավելացել: Համաձայն Պատերազմի և պաշտպանության ուժերի վետերանների մասին օրենքի սկզբնական տարբերակի՝ վետերաններին տրամադրվել են մի շարք սոցիալական երաշխիքներ, որոնք նրանց համար արժանավայել պայմաններ են ստեղծել, սակայն տարիների ընթացքում երաշխիքների ցանկը կրճատվել է և մնացել է միայն օգնության նվազագույն փաթեթը, որը չի բավարարում վետերանների ներկայիս կարիքները:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, նրան տրված մանդատի շրջանակներում, ակտիվորեն շարունակում է հոգ տանել վետերանների իրավունքների պաշտպանության մասին:

Աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը և ժամերը
թեժ գիծ: 1481 (24/7)